ԲԱԺԻՆՆԵՐ

13.01.2016

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ / Նախաշավիղ

1935 թվականի հունվարին Բակունցի թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով, Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով պետհրատը լույս է ընծայում <<Վարդան Այգեկցի. Աղվեսագիրք>> ժողովածուն(117 էջ): Այգեկցին, ըստ Բակունցի, պետք է լինի Այգեցի: Մինչ գրքով լույս տեսնելը ութ առակ տպագրվել էր <<Գրական թերթ>>-ում(1934, 29 նոյեմբեր): Այս ամենի դեմ միտումնավոր հարձակումներ է գործում <<Խորհրդային արվեստ>> ամսագիրը(1935, թիվ 1,2): Այդ հոդվածների հեղինակներն էին Ա.Վշտունին(անստորագիր խմբագրական) և Ն. Դաբաղյանը: Վեճին անդրադարձել է <<Գրական թերթ>>-ը(10 հունվար, թիվ 1):
Ներկայացնում ենք Ա.Բակունցի հեղինակած առաջաբանը և լուսապատճեններ գրքից:

ՆԱԽԱՇԱՎԻՂ

Առակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբունեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերայ կոչի

Ա
«Վա՛յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարով: Քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել: Ապա ուրեմն այս գրքով կխոսեմ ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կմնամ ձեր մեջ», — այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանա գիրք»:
Այս և այլ այսպիսի վերնագրերով հայտնի ձեռագրերը մինչև XVII դարն անընդհատ փոփոխվել են և ապա քարացել՝ երբ Ամստերդամում 1668 թվին տպագրվել է հայ առակների առաջին ժողովածուն՝ «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» վերնագրով:
Ո՞վ էր Վարդան Այգեկցին կամ Այգեցին, որին հետնորդները տարբերելու համար XIII դարի մյուս Վարդաններից, անվանել են Մեծ Վարդան: Դժբախտաբար, շատ թերի են տեղեկությունները նրա կյանքի և գործունեության մասին, և այն, ինչ որ հայտնի է, մեծ մասամբ քաղված է նրա քարոզներից և թղթերից:
Ստույգ հայտնի չէ նրա ծննդյան թվականը: Հիշատակարանների մեջ այն ժամանակ սովորություն չէր նշանակել ծննդյան թվականը: Իր քարոզների մեջ մի քանի անգամ նա հիշատակում է իր ծննդավայրը՝ Մարաթը կամ Մարաթոն, որ Հալեպի մերձակա մի ավան էր և էր այն ժամանակի սիրիական հայ գաղութներից մեկը: Ուրեմն, եթե ծննդավայրի անունով կոչելու լինենք Վարդանին, ապա նրան պետք է անվանել Վարդան Մարաթեցի («Վարդան...որ ի Մարաթայ», ինչպես ինքն է գրել): Սակայն հայտնի փաստ է, որ հաճախ վանականներն իրենց կոչում էին ոչ թե ծննդավայրի, այլ այն վանքին կամ մենաստաններին կից դպրոցի անունով, որտեղ նրանք հռչակվել էին: Այդ ձևով էլ Մարաթեցին հռչակվում է Այգեկցի կամ Այգեցի, ի հիշատակ այն անապատի, ուր քաշվում է նա և ապրում մինչև մահ:
Վարդանը Մարաթից տեղափոխվում է Կիլիկիայի Արքակաղնի վանքը, որ աթոռանիստ վայր էր և նշանավոր էր իր դպրոցով, որտեղ հենց այդ ժամանակ բորբոքվել էր պայքարը Արևմուտքի և Արևելքի կողմնակիցների միջև: Հզորանում էր Ռուբինյան հարստությունը Կիլիկիայում: Քաղաքները ծաղկում էին. արևմուտքից բազմազգի վաճառականներ արտահանում և ներմուծում էին հարուստ ապրանքներ: Քաղաքները ճոխ վաճառանոցներ էին և շահաստաններ: Առևտրի հետ ծաղկում էր պերճությունը և շռայլությունը մի կողմից, մյուս կողմից, տնանկները և աղքատները կազմում էին այնպիսի թիվ, որոնց ոտնահարվող իրավունքների պաշտպանության մասին խոսում է հենց ինքը Վարդանը: Քաղաքների հարստացման հետ միասին փոխվում էին նաև Կիլիկիայի հայերի, առաջին հերթին վաճառականների, բարքերը և լեզուն: Այսպես կոչված արևելքցիների պայքարն ընդդեմ արևմուտքից եկող հոսանքի, դասային շահերի քաղաքական պաշտպանությունից բացի, նպատակ ուներ նաև անաղարտ պահել հայ լեզուն և հայ եկեղեցին, որի հիմքերը խարխլում էին հենց այդ վաճառականները:
Արքակաղնի վանքում ուսանելուց հետո Վարդանն իբրև քարոզիչ հաստատվում է Կիլիկիայի Դլուկ քաղաքում: Նրա արտասանած քարոզները վկայում են, որ Մարաթեցին հարել է արևելցիների բանակին, այսինքն նրանց, որոնք իզուր ջանում էին պատվար կանգնել նոր հոսանքի դեմ: Այսպես, Վարդանը եկեղեցու բեմից հանդիմանում է քաղաքում ապրող կանանց, որոնք «սիրում են զուգվել և զարդարել աչքերը և երեսը զանազան դեղերով ի գայթակղություն պատանիների»: Նա խոսում է այն կանանց մասին, որոնք «չար դեղերով իրենց զրկում են ծնելու կարողությունից և այդ սովորեցնում են նաև ուրիշներին»: Նա դժոխքի դատաստանով է սպառնում նրանց, որոնք շահով դրամ են տալիս, զրկում են տնանկին և մշակին, խաբում են կշեռքի մեջ, կաթի մեջ ջուր են խառնում և առհասարակ խարդախ մարդիկ են: Նրան՝ իբրև խոստովանահոր, Դլուկի բնակիչները հավանորեն գաղտնի պատմել են նաև ավելի ծանր մեղքեր: Եվ տարիներ հետո այդ մասին է ակնարկում Վարդանը՝ անապատի մեջ հիշելով վաղեմի Դլուկը: «Ես, ո՛վ իմ որդիներ, մանկությունից մինչև ծերություն շրջեցի աշխարհում և տեսա բազմաթիվ մեղքեր և ավելի շատ գաղտնաբար լսեցի»:
Դլուկում նրան հալածում են: Արդյոք նրա՞նք էին հալածում, որոնց յուր քարոզներով խարազանում էր Վարդանը, թե կար այլ պատճառ. այդ մասին ոչինչ չի ավանդում ոչ ինքը և ոչ մի այլ ժամանակակից: Նա միայն դառնությամբ գրում է. «Վա՛յ նրան, ում իշխան կամ առաջնորդ կկարգեն այս չար և դաժան ժամանակ»:
Ապաստանելով Ամիթ քաղաքում և այնտեղ ևս խաղաղություն չգտնելով, Վարդանը որոշում է թողնել «աշխարհը» և անապատ քաշվել: Կիլիկյան հայ իշխան Պաղտինի օժանդակությամբ նա հեռանում է Սև լեռան կողմերը՝ Անտիոքի մոտ, որտեղ ապրում էին քրձազգեստ և մենակյաց անապատականները: Նա տեղավորվում է Այգեկ կամ Այգի կոչված վայրում, և այնտեղից էլ մնում է Այգեկցի կամ Այգեցի կոչումը: Հավանական է, որ այդ Այգեկը մի վանք էր և այգի՝ մրգաբեր ծառերով, որ մշակել էին հենց իրենք՝անապատականները:
Պաղտին իշխանին ուղղած թղթի մեջ Այգեցին իր մասին հետևյալն է գրում. «Եվ ես ողորմելի Վարդանս գիտուններից տգետս...այս տառերը գրեցի Պաղտին իշխանի խնդրով...որովհետև մեր բնիկ ժառանգությունից հալածական եղանք և եկանք Այգեկ...և հայոց թվականն էր ՈԿԱ (1212) և հայոց թագավորն էր Լևոնն Ռուբինյանց Կիլիկիայում»:
Սակայն անապատում ևս նա խաղաղություն չի գտնում: «Դլուկից եկանք Այգեկի սուրբ ուխտը, — գրում է Վարդանը, — և երեք տարի անց երկու անգամ պատահեց, որ ես և ուխտի երկու գլխավոր եղբայրներ նստեցինք և բամբասեցինք վանահորը և նրա բարեկամին»: Բայց այդ հասարակ բամբասանք չէր, որով անապատականները փարատում էին իրենց ձանձրույթը: Այդ պայքար էր՝ ուղղված վանահոր, ավելի ճիշտ՝ Այգեկում տիրող բարքերի դեմ: Բանն այն է, որ անապատականներն ապրում էին փարթամ կյանքով, ունեին այգի և արտ, և ճգնելու փոխարեն գիշերն աղաղակներով փախցնում էին վայրի գազաններին և ցերեկը պարսաքար էին արձակում թռչունների վրա, որպեսզի պաշտպանեն պտուղները և խաղողի ողկույզները: «Եվ այս ամենի վրա ավելանում է մեծագույն կորուստ, որովհետև վեճը և կռիվը, նախանձը և մախանքը չի պակասում, սա ի՜մն է և այն քո՜նն է (ասում են անապատականները): Եվ այն ժամանակ այդ մենակյացի կյանք չէ, այլ աշխարհականի»: Ինքը՝ Վարդանը, գլխավորում է պայքարն այդ բարքերի դեմ: «Երկու տարի է, որ սատանան մեր մեջ նախանձ սերմանեց և վեճ և աղաղակ մրգաբեր ծառերի համար: Եվ մենք մեծ պատերազմի և տրտմության մեջ էինք այս երկու տարին և չկարողացանք ելք գտնել»: Բայց «ելքը» գտնում են, և հավանորեն ինքը Վարդանն է ցույց տալիս ելքը: Մի կիրակի անապատականները հավաքվում են և տապարներն առնելով կտրատում են մրգաբեր ծառերը՝ գժտության աղբյուր թզենիները և ընկուզենիները, սերկևիլի և արքակաղնի ծառերը: «Եվ ես մեղավորս քաջալերում էի իմ եղբայրներին, թե մի երկնչեք, որովհետև այս վարձք է և ոչ դատապարտություն, պարծանք է անապատիս և ոչ նախատինք»:
1220 թվին Վարդան Այգեցին հայտնվում է Դրազարկի վանքում: Այդտեղ է դրել նա յուր առակը՝ «Վասն տասն վաճառականաց, որ են մարդիկ» և առակի մեկնությունը: Այդ մասին ինքը հետևյալն է պատմում. «Ես, ողորմելի Վարդան Մարաթեցիս, այս մենավոր խուցի մեջ, աստվածաբնակ ուխտի սահմաններում, որ կոչվում է Դրազարկ, կամեցա տասը առակավոր բանով ձևացնել վաճառականներին և այն ութ որոգայթը, որ կա նրանց առաջ...Եվ շատ օրեր աշխատեցի և բազում անգամ սկսեցի և չհաջողվեց և տրտմելով վարանեցի և ստույգ իմացա, որ իմ բազմաթիվ անօրենությունները խավարեցրին իմ միտքը և փակեցին իմ շրթունքները և կապեցին լեզուս...»: Բայց և այնպես ավարտում է յուր աշխատությունը, որ ուղղված էր ոխակալության, լեզվագարության, որովայնամոլության, զրկանքի, շնության, կախարդության և անզղջության դեմ:
Այգեցու մահվան թվականը հայտնի չէ: Նա հիշատակում է «խուժադուժ և անծանոթ ազգի» մուտքը Հայաստան: Խոսքը վերաբերում է մոնղոլներին, որոնք Հայաստան մտան 1220-ի սկզբներին: Ինքն իր մասին գրում է, որ «ծերությունը և երկարատև ցավերը կուրացրին իմ միտքը և իմ աչքերը»: Եթե ընդունենք, որ նա իրոք ապրել է մինչև «զառանցյալ և գարշելի» ալևորությունը, ինչպես ինքն է գրում, ապա ուրեմն հիմք կա ասելու, որ նա 1220-ական թվականներին չի մեռել, այլ ավելի ուշ: Ըստ Ն. Մառի՝ Այգեցին XIII դարի 10-ական թվականներին դեռ ապրում էր:
Եվ մինչև խորին ծերություն Այգեցին խրատել է և բարոյախոսել, մարտնչել և խարազանել երբեմն եկեղեցիներում, երբեմն քաղաքի հրապարակներում և երբեմն առաքելով թղթեր և առակախառն քարոզներ, միտ դնելով այն, որ «անպետք կայծաքարը և աննշան երկաթը պարգևում են հուր՝ ի սպաս մարդկային կյանքի»:

Բ
Մեզանում Վարդան Այգեցին առաջինը չէ, որ հորինել է առակներ: Նրանից առաջ արդեն հայտնի էր Մխիթար Գոշը, որը իրավամբ կարող է համարվել հայրը հայ առակաբանության: Հայտնի է, որ XI դարում դպրոցներում ավանդում էին առանձին առարկա՝ «առասպելավարժություն» անվան տակ: Հայ մատենագիրներից ոմանք ոչ միայն հաստատում են առակների և ժողովրդական զրույցների գոյությունը դեռևս վաղնջական ժամանակ, այլև ոմանք, թերևս, ակամա մեջ են բերում այն զրույցները, «Որ ի գռեհիկս պատմի առակեալ», ինչպես օրինակ, Գր. Մագիստրոսը, որը պատմում է արտուտի առակը: Ոմանք՝ ինչպես Անանիա Իմաստասերը, Հովհան Օձնեցին, Հովհան Մանդակունին և ուրիշները սիրել են «օրինակով» խոսել, մի ձև, որ այնքան մեծ վարպետությամբ կիրառել է Վարդան Այգեցին:
Հայտնի է և այն, որ հայ հին պատմիչները և առհասարակ եկեղեցին չեն սիրել և հալածել են ժողովրդական զրույցները, որոնց թվում նաև հեքիաթը և առակը և երգը: Ներսես Շնորհալու մասին Կիրակոս Գանձակեցին գրում է. «Զի այնպէս էին կամք սրբոյն, զի հնար իցէ ոչ ոք խօսեսցի ի խօսս աշխարհականս, բա՜ց ի գրոց, ոչ ի գինարբուս և ոչ յայլ ուրախութիւնս: Վասն այնորիկ արար նա երգս և ուսոյց այնոցիկ, որ պահէին զբերդն. զի փոխանակ վայրապար ձայնից, զայն ասասցեն»: Բերդի զինվորները «ստորին» լեզվով պատմում էին «անառակ» զրույցներ: Այդպես էին նաև ռամիկները և վաճառականները գինարբուքի, այլ ուրախության և առհասարակ իրենց առօրյայի մեջ: Բայց այդպես էին նաև եկեղեցու դպիրները և հոգևորականների ստորին խավը, որ գումարվում էր ռամիկների որդիներից: Հետևաբար, նրանց ավելի ախորժելի էին «վայրապար» զրույցները՝ պարզ լեզվով, քան խրթին և ճոռոմ ճարտասանությունը, տրամախոսությունը և աստվածաբանական գիտելիքները: Գերազանցապես այդ խավից էին նաև այն՝ երբեմն անանուն գրիչները, որոնք դժվար տքնությամբ բազմացնում էին ձեռագրերը:
Եթե Ներսես Շնորհալին հնար էր որոնում, որպեսզի այլևս ոչ ոք խոսի «աշխարհի» լեզվով կամ գեղջուկ բարբառով, ապա միակողմանի կլիներ այդ փաստը բացատրել միայն իբրև ձգտում վերջ տալու «ստորին» հայերենին: Կարելի է ենթադրել, որ զինվորները «վայրապար» խոսում էին բարբառով, որը հայերեն չէր, և ահա Շնորհալին նպատակ է դնում այնպիսիներին լեզու սովորեցնել և ինքը հեղինակում է առակներ և հանելուկներ, որ գրված են ոչ թե խրթին գրաբարով, այլ պարզ հայերեն:
Ահա, օրինակ, Շնորհալու մի հանելուկը նռան մասին.

Է նա կանաչ կոճակ բոլոր,
Անապակ գինով լցած տկճոր.
Կարմիր մեղուք ի ներս աղուոր,
Եղբայր դու կեր զինչ մեղրի ծոր:

Ուրեմն հայ հին դպրության մեջ նոր չէր ոչ առակը և ոչ բարոյախոսությունն առհասարակ: Կային եկեղեցական քարոզիչներ, որոնք խոսել և գրել էին «օրինակով»: Եթե դպրոցներում ավանդում էին «առասպելավարժությունն» իբրև առանձին առարկա, ապա կարելի է ենթադրել, որ գոյություն են ունեցել նաև դասագրքեր կամ առասպելների և առակների ժողովածուներ՝ իբրև նյութ դասավանդման: Եթե ավելացնենք և այն, որ Եզոպոսի առակները շատ վաղուց ծանոթ էին հայերին, ինչպես և «Վոլպիանու փիլիսոփային» (ըստ Թոմա Արծրունու) առակները, ապա կարելի է ասել, որ Վարդանի առակների ժողովածուից առաջ եղել են առակների այլ ժողովածուներ, որոնք հետագայում կամ խառնվել են Վարդանի առակագրքերին և կամ եթե շարունակել են առանձին մնալ, ապա վերակոչվել են Վարդանի անունով: Նույնիսկ հայ կենդանական վեպի որոշ տարրեր մտել են «Վարդանգրքերի» մեջ, և հետագա սերունդները շարունակել են Վարդան Այգեցուն վերագրել առակների ժողովածուների մեծ մասը:
«Եթե նույնիսկ պարզվի, — գրում է Ն. Մառը, — որ որևէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա: Վարդանը, որ ստեղծողն էր առակախառն քարոզի նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման՝ բարոյախոսական նպատակով: Որքան էլ պարզ լինեն ձևերը, որոնցով առասպելները և հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ ձևերն իբրև կիրառող առայժմ մենք ճանաչում ենք Վարդանին, և հենց նրա այլաբանությունները կարող են համարվել հայերի գրական այդ սեռի լավագույն օրինակները: Հետևաբար, առակները, որոնք Վարդանի ժողովածուների հիմնական շերտն են կազմում, ամբողջովին և հավիտյան կմնան կապված Վարդանի անվան, թեկուզ նրանցից մեկի կամ երկուսի վրա ուրիշ, ավելի հին հեղինակներ ունենան որևէ իրավունք»:
Մեզ այստեղ չի զբաղեցնում այն խնդիրը, թե Վարդանին վերագրված մոտ չորս հարյուր առակներից և մանրավեպերից քանիսն են Վարդանի բուն գործը և քանիսը հավելված են հետագայում, ինչպես և չենք զբաղվի առհասարակ առակների նշանակության քննությամբ: Բոլոր առակագիրներից և պատմիչներից առաջ առակը հորինել և պատմել է ինքը ժողովուրդը, և այդ տեսակետից երկրորդական նշանակություն ունի առակագրի անձնավորության խնդիրը:
Վարդան Այգեցու նշանակությունը մեծ է ամենից առաջ իբրև առակներ ժողովող և առակները մեկնության հետ միասին ճաշակով և վարպետությամբ ամբողջացնող հեղինակ: Ահա Այգեցին կամենում է խարազանել ցանկասեր մարմինը և վեր հանել հոգին, իբրև մարդու բուն էություն: Կձանձրանար ունկնդիրը, եթե նա Ավետարանից մի նախադասություն բնաբան ընդունելով, հյուսեր քարոզը: Այգեցին դրա փոխարեն գործ է ածում պարզ զրույցի ձևը, ինչպես կյանք տեսած մի ծերունի կխրատեր որդուն, և ասում է. «Եզը մի լծիր էշի հետ. եզը որոճող է և էշը՝ ոչ: Այդպես հոգին անջատ է մարմնից, որովհետև հոգին իմաստուն է և մարմինը ցանկասեր»:
Բերենք մի այլ օրինակ Վարդանի առակախառն քարոզներից. «Մի մարդ ուներ չորս էշ, երեքը՝ երիտասարդ և ուժով և մեկը՝ պառավ և վատուժ: Եվ տերը երեքին չէր բեռնում, այլ խնամում էր և դարմանում. իսկ պառավ էշին ծանր էր բեռնում և ընկավ պառավ էշը և այլևս չկարողացավ տանել ծանր բեռ: Այսպես մարդս չորս ժամանակ ունի՝ տղայություն, երիտասարդություն, կատարյալ հասակ և ծերություն: Այն երեք հասակն, որ զորավոր են, մարդ չէ կամենում բառնալ բեռով, այլ պարարում և գիրացնում է ուտելով և ըմպելով և ամեն ծանր բեռ բառնում է ծերացած մարմնի վրա»:
Վարդան Այգեցու այս և այս կարգի առակները բնորոշ են իրենց կատարյալ և ամբողջական արվեստով: Հետագայում առակները փոփոխության են ենթարկվել, մշակվել են՝բերանացի պատմվելով, ապա տարբեր գրիչների ձեռքով գրի են առնվել, յուրաքանչյուր անգամ կրելով ժամանակի և պատմողի կնիքը: Այդպես առաջացել են առակների փոփոխակները, որոնք տարբերվում են և՜ մեկնությամբ, և՛ բովանդակությամբ, և՜ լեզվով:
Որքան էլ կրոնա-բարոյական մեկնաբանությամբ Այգեկցին ծանրաբեռնել է առակը, այնուհանդերձ նրա ստեղծագործությունը «աշխարհիկ» արվեստ է և ոչ հոգևոր: Նա մեկն էայն գագաթներից, որոնց վրայով է անցնում միջնադարյան հայ քաղաքային մշակույթի սահմանագիծը: Եթե Այգեցու առակներն ազատենք բարոյախոսական կցաններից, ապա կմնան զվարթ և սրամիտ պատմություններ, երբեմն ուղղված հենց եկեղեցու և ֆեոդալների դեմ,-առակներ և իմաստուն մանրավեպեր, որ սիրելի էին միջնադարյան հայ վաճառականին և գյուղացուն: Նպատակ դնելով քարոզել հայ եկեղեցու հավատո հանգանակը քաղաքներում և գյուղերում, ամրապնդելու համար այդ եկեղեցու հիմքերը, որոնց խարխլում էր միջնադարյան քաղաքը, — Այգեցին քարոզը մատչելի դարձնելու համար լիաբուռն օգտվել է ժամանակի ժողովրդական բանահյուսությունից, վերամշակել է այն ըստ իր նպատակադրման, և այսպիսով գրի են առնվել բազմաթիվ անգիր զրույցներ: Առակախառն քարոզների հետ գրականության մեջ խուժել է առակը և մանրավեպը, իսկ վերջիններս իրենց հետ բերել են նաև ժողովրդական լեզու և ոճ, և այսպիսով սկսել է ձևավորվել միջնադարյան հայ «աշխարհիկ» արձակը:
Սակայն այդ արձակը հետագա դարերում չծավալվեց և չդարձավ ամբողջական գործ: Այսպես չամբողջացավ նաև հայ ժողովրդական վեպը, ինչպես և միջնադարյան հայ բանաստեղծության առանձին գոհարները չկապեցին ո՛չ թագ, ո՛չ պսակ:
Բայց և այնպես Վարդան Այգեցին կառուցող վարպետներից է այն հիմքի, որի վրա պետք է բարձրանար միջնադարյան հայ արձակի շենքը: Եվ եթե հետագա «անբարի և խավար այնի» ժամանակներում այդ շենքը չբարձրացավ, այնուհանդերձ, հիմքը վկայում է կառուցողների, նաև Վարդան Այգեցու մեծ վարպետությունը:

Գ
Մի քանի խոսք այս հրատարակության մասին:
Արդեն ասացինք, որ 1668 թ. Ամստերդամում լույս է տեսել առակների առաջին ժողովածուն «Աղվեսագիրք» վերնագրով: Երկրորդ անգամ տպագրվել է Մարսելում 1676-ին,երրորդը՝ 1683 թ. դարձյալ Մարսելում և չորրորդը Լիվոռնոյում՝ 1698 թվին: Այսպիսով, XVII դարի երկրորդ կեսին չորս անգամ տպագրվել են առակների ժողովածուները: Ըստ Ն.Մառի բացատրության, առաջին հրատարակիչը, ծանոթ լինելով եվրոպական լեզուների, կամեցել է առակների ժողովածուն նմանեցնել այդ ազգերի նույնանուն գրքերին,օրինակ, «Fuchsbuch»-ին և անվանել է «Աղվեսագիրք»: Ի դեպ. Ն. Մառը խորին ուսումնասիրությամբ հաստատել է, որ արաբական «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերենից,Վարդանի առակների մի որևէ ժողովածուից:
Ի նկատի ունենալով, որ այս հրատարակության մեջ կան և բուն Վարդան Այգեցու առակներ, ինչպես և այլ առակներ և մանրավեպեր, որ կան Վարդանի կամ Վարդանին վերագրած առակների ձեռագիր և տպագիր ժողովածուների մեջ, մենք ևս պահպանեցինք արդեն ընդունված «Աղվեսագիրք» անունը:
Տեքստի, ինչպես և ծանոթագրությունների համար հիմք ընդունելով Ն. Մառի եռահատոր աշխատությունը, «Ժողովածոյք առակաց Վարդանայ», որն աննման կոթող է միջնադարյան հայ արձակի, — մենք հաճախ գերադասել ենք առակների այն վարիանտները, որոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությանբ ավելի հարուստ: Առակների մեկնաբանությունները չենք բերել, համարելով հնացած ավելորդաբանություն: Համարյա անփոփոխ են վերնագրերը: Բացի այդ, աշխատել ենք ըստ կարելույն պահել բնագրի ոճը, միաժամանակ նպատակ դնելով նյութը մատչելի դարձնել ընթերցողների լայն խավերին:





Комментариев нет:

Отправить комментарий