ՄԻՐՀԱՎ գրական խմբակի հարցազրույցը բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Սահակյան, ստեղծագործել սկսել եք պատանեկան տարիքից: Գրական ի՞նչ ազդակ է Ձեզ մղել գրիչ վերցնելու, մեծերից ո՞վ է առաջմղիչ դեր ունեցել:
-Չափածո խոսքի նկատմամբ սեր իմ մեջ արթնացրել է Թումանյանը: Տասներեք տարեկանից փորձեցի միտքը դնել կաղապարի մեջ՝ բնավ էլ կարևորություն չտալով դրան: Ես այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլ էի սիրում ու ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ (միջանկյալ ասեմ, որ մինչև քսանհինգ տարեկանս խաղացել եմ Գորիսի հավաքականում և ''Զանգեզուր'' թիմում): Իսկ պոեզիան միշտ ապրել է իմ մեջ, երբեք չի լքել: Ինձ ոգևորել են Սուրեն Այվազյանը, Գևորգ Էմինը և Սերո Խանզադյանը: Մի քանի անգամ այրել եմ գրածներս, բայց ամեն անգամ փոշմանել, վերադարձել եմ պոեզիային, որը, ինչպես հետո պարզվեց, ինքնահաստատման իմ միակ հնարավորությունն էր: