ԳԱՐՈՒՆ
Նկարչի այս մեծ կտավին՝
Զարթո՛նք, արև՛, կածա՛ն,
Նրբին գույնե՛ր, հույզե՛ր,բույրե՛ր...
Ինչե՜ր միայն չկան:
Ամեն ինչ՝ ճիշտ, ամեն ինչ՝ նոր,
Գոյություն է առկա,
Ծաղիկների բուրմունքի հետ
Հովի ձայն էլ դեռ կա:
Ելե՛ք, նայե՛ք, օ՛, ուշադիր,
Շուրջը ինչ է դառել,
Տեսե՛ք, տեսե՛ք աշխարհի հետ
Գարունն ի՜նչ է արել:
***
Կրկին գարուն, ձյուն ու արև,
Շուրջդ՝ կանաչ, ծաղիկ, շրշյուն,
Միանգամից մարմնիդ իջած
Ախորժելի ուժ ու ավյուն:
Գարնան շնչով ծլած աղջիկ՝
Երկայնահեր, հեզ ու սիրուն,
Ասես, չքնաղ ցնորք է մի
Հորիզոնով թեթև սահում:
Գարնան շնչով ծլած աղջիկ,
Հմայքն՝ օվկիան ու անթերի,
Երազ-կուժը ուսին առել,
Գնում է՝ հույզ ու սեր բերի:
Գնում է վեհ, անմատչելի,
Իսկ քայլերը՝ թեթև՜-թեթև,
Եվ ուր որ է կրակ-արփին
Մայր կմտնի դռան ետև...
***
Հին աշխարհ է երկնքի տակ,
Նոր գարուն է աշխարհում,
Ամեն տարի նորը գալիս,
Հին հույսերն է զարդարում:
Տեսնես սա որ, ո՞ր գարունն է
Ծնված օրից աշխարհի,
Ու դեռ քանի, քանի՜ գարուն
Պիտի սիրտը մեր շահի:
Նոր ողջույն է, հին պատասխան,
Երգը նոր է, բույրը՝ հին,
Երանի և ո՛չ երանի
Նույնիսկ Ադամ-Եվային...
ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ
***
Գարունն եկավ,
Հավքերն էլի ուրախ պարեցին,
Ու հայրենի հողին, ջրին
Եկան, փարվեցին:
Դաշտը նիրհիցն իր արթնացավ,
Խնդությամբ լցվեց,
Հողվորն էլի շուտ արթնացավ,
Իր գործին լծվեց:
Արևը հուր սարի կողին
Պայծառ շողշողաց,
Ավետելով ժիր հողվորին
Մի ջերմ լուսաբաց:
***
Քաջ ազատամարտիկ Սանոյի հիշատակին
Էլի գարուն եկավ,
Հողը քնից զարթնեց,
Այգին ճերմակ հագավ,
Առուն կանչեց նորից:
Էլի դաշտում կանաչ
Ջինջ արևը շողաց,
Էլի մի ալ կակաչ
Թեթև սյուքից դողաց:
Նորից առաջվա պես
Շաղը նստեց խոտին,
Նորից անձրև մաղեց
Ամպի տխուր գոտին:
Առաջվա պես էլի
Օրը հանդարտ մթնեց
Նորից մի պատանի
Իր սիրունին փնտրեց:
Նորից սգվոր մի մայր
Գիշերն անքուն մնաց՝
Ձեռքը սեղմած սրտին,
Աչքը ճամփին հառած:
Բայց դու չեկար, զինվո՛ր,
Կռվի դաշտից չեկար,
Վերադարձիդ, հերո՛ս,
Սպասեց մայրդ երկար:
Հիմա առաջվա պես,
Օրն է դարձյալ մթնում
Նորից մի պատանի
Սիրուհուն է փնտրում:
ԱՊԵՏՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԳԱՐՈՒՆ
Մի ծիլ կանաչ բերեց ծիծեռնակը սևլիկ
Մեր տանիքի քիվին հանգրվանեց,
Սարալանջին կռթնած ձյունահյուսքից թելիկ
Ծաղկի մի թել գլուխ ծիլը հանեց:
Ու դող պատեց սարին, սարսուռ անցավ քարին,
Խլիրտ եկավ հողը շարմաղ շողից,
Կապտին տվեց սարը, ինչպես ծովի ալիք՝
Ծաղկաբույլեր կախեց ժայռակողին:
Ու եռ եկավ հողը և ցավ քաշեց այգիս,
Ծննդկանի նման ցավից տնքաց,
Մանկան կենսաթրթիռ ժպիտի նման հանգիստ
Նորից ծաղկանց ծիծաղ ծափով ծփաց:
ՃԵՐՄԱԿ ԾԱՂԻԿ
Ձյունագագաթ լեռան ճերմակ ծաղիկ,
Ճերմակ թրթիռ գարնան, ճերմակ տաղիկ,
Ճերմակ ծաղկի թերթին ցոլուն շաղիկ,
Ճերմակ հուզում նազուն, ճերմակ շողիկ:
Ձյունագագաթ լեռան ճերմակ կողին,
Ճերմակ ավետիսն ես զարթնող հողի,
Ճերմակ ասղնտումը արևշողի,
Ճերմակ ծիլը ձգվող գարնան դողի:
Ձյունագագաթ լեռան քնքուշ ծաղիկ...
ՍՊԱՍՈՒՄ
Գարունը դարձյալ տարերքի մեջ չէ,
Եկել է իբրև, բայց ձյուն է գալիս,
Ուզում եմ ելնեմ, տնից դուրս թռչեմ,
Գնամ վազեվազ գարնան հետևից:
Ձնծաղիկները ծիկրակում են զուր
Ու ձյուների տակ ճերմակին տալիս,
Միմյանց ականջի կամաց փսփսում,
Թե ուր է ծպտվել գարունը ծավի:
Ուր որ է գարնան ծիլը կտուցին,
Ծիվ-ծիվով կգա ծիծառը սևլիկ,
Կբռնի ծիլ-ծիլ ձյուների հյուսքից՝
Բացելով զմրուխտ կանաչը թովիչ:
Կբացվեն նորից ծաղկունքը ալվան,
Դաշտերը կարբեն գույների խաղով,
Զեփյուռի թևով կիջնի մանանան՝
Ժանյակներ հյուսի շափյուղա շաղով:
ԳԱՐՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Բացվել են դռները գարնան,
Լսվում է հոգոցը հողի,
Ծլել է ծաղկունքը վառման՝
Ցոլցլում արևի շողից:
Դաշտերը նորից դողահար
Ճերմակ սավանը հանել,
Զուգվել զմրուխտով բոցավառ,
Լանջերին ծոթրին է ցանել:
Հոնին ինչպես նորահարս
Դեղձանիկ զուգսեր է հագել,
Հյուսերը նետել ուսերին՝
Ասես արև է ծագել:
Արթնացել հանդ ու անդաստան,
Ձմեռվա խստաշունչ քնից,
Դաշներգ է հավքերի խոսնակ,
Գետերը ելել են հունից:
Ամենուր աշխույժ է տիրում,
Բերկրում են բաղ ու այգեստան,
Ծաղկանց ծիծաղն է ծորում
Հրաշք ես, հայրենի՛ ոստան:
ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
***
Վաղ առավոտի հորիզոնը պաղ
հագել է կարմիր,
Եվ ես ակամա ունեմ մի վսեմ
ակնկալություն:
Արև կոչվածի ոտնաձայներն են
խոսում իմ ներսում,
Քրտինքն է հոսում եղյամ ապակուց,
Հողի ստինքներն են փշաքաղվում,
Կանաչ է հյուսվում ծլարձակումից:
Բովանդակ է արդ կիրքը իմ հոգու,
Եվ արձակվել է հեգ ու ահաբեկ
մի ծանուցագիր:
Մինչ օդն է ճեղքել
արև մի բոսոր,
Այսօր ես ունեմ վերծանված մի գիր՝
Հոր խորհուրդ ունի հորիզոնն այս հին,
Մինչ մայրամուտի երկունքը ուներ
մոր իմաստ հրե
Մտածենք գուցե անուն արարել՝
Եվա կամ Նարեկ աստվածավայել:
Комментариев нет:
Отправить комментарий