Կարևորագու՛յնը արվեստի մեջ. սիրել խանդագին, բացարձակ, անսահման սիրով: Սիրել օրերի և երևույթների ամբողջությունը իրենց իսկության և խորհուրդի մեջ, և միաձայն թրթռալ տարրերի, ծաղիկների, ջուրերի, բուրումների հետ: Ու սիրո ժամին լսել իր հոգին, և խառնիխուռն ձայների մեջ կարողանալ նշմարել սկիզբնասկիզբ հնչյունները, նշանաբան դաշնակությունները և ամբողջական երաժշտությունը: Կարողանալ ղեկավարել իր հոգու խմբերգը և ծնծղաների դղրդոցի մեջ քաղել լռությունները, - այդ է արվեստը:
Մշակույթը … հոգեկան արկածախնդրություն է, վսեմ մի խենթություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է:
Իսկական արվեստը ստեղծում է` բնավորություններից և հոգիներից գաղտնի գիծերով առած, նոր բարոյական մթնոլորտ, նոր իրականություն, որին հավատում ենք ու ընդունում իբրև ճշմարտություն, որովհետև նա հոգեղինացած, բյուրեղացած, աստվածային շունչով օծված մի իրականություն է, որ մեզ ավելի մոտ է ու սիրելի, քան մեզ շրջապատող կյանքն իսկ:
Արվեստը կյանքի առջևից է քայլում և լուսավորում ապագան: Այն գերազանցորեն գիտություն է ու գերագույն իրականություն:
Ուժական արվեստը պետք է որ ամենեն ավելի ուղղակի արտահայտությունը ըլլա իրականի շարժումին, պետք է որ ոգեկոչե հոգվույն խորհուրդները, և տիեզերական համերգությունը, և զգայնացնելով ամեն ինչ, պետք է որ հայտնատեսության միջոցով թափանցե Ապագայի պատրանքներու վսեմ կրկներևույթներուն մեջ: