ԲԱԺԻՆՆԵՐ

02.11.2017

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Ե Ր Ե Ք  Ե Ր Գ

1.
Բոլոր մայրամուտների մեջ
Մի անուն էր միայն
Ինձ խոնարհում.-
Քեզ գտնելու անանուն դողը:

Բոլոր մայրամուտների մեջ
Մի անհուն էր միայն
Ինձ խոնարհում.-
Քո աղջիկների ճերմակ շողը:

Բոլոր մայրամուտների մեջ
Մի անուն էր միայն
Ինձ խոնարհում.-
Արարչի նման քո սուրբ հողը:

Ես տանելու եմ քեզ ամենուր,
Եվ դու ամենուր
Մնալու ես ինձ,
Դու` իմ ամենամեծ արարողը:

2.
Իմ ծառի ամենալավ պտուղը
Քեզ համար է հասել
Իմ երազի մեջ
Իմ բռնկվող արևի փայլից:

Իմ ծառի ամենալավ պտուղը
Ես անխաթար եմ պահել
Իմ մայրամուտների մեջ
Բոլոր չարություններից,-
Որ օրորում էին ամենուր

Իմ ծառի ամենալավ պտուղը
Իմ քամու ուղղությամբ
Հնչող ամենագույժ ձայնով:

Իմ ծառի ամենալավ պտուղը
Ես կշնորհեի քեզ,
Ինձ փրկելու համար
Քեզ հռչակողի օտար փայլից:

* * *
Հազար պատուհասի նման
Հազար աչք էր նայում,
Հազար տեղից խոցված
Հազարամյա վերք իմ, քեզ:

Հազար սիրտ էր ոլորվում,
Եվ հազար աչք մոլորվում
Հազար ձորերիդ մեջ
Իր ճանապարհը կորցրած,-


Երբ հազար-հազար ծառա
Ու հարճ էր հարկավոր
Քո ափերում ծաղկած,
Քո երկինքոտ աղջիկներից:

Երբ հազար թև էր հարկավոր
Եվ հազար թիկունք,-
Եվ թռչելու համար
Քեզ հազար-հազար երկինք:


Ի Մ  Ձ Ե Ռ Ք Ե Ր Ը  Կ Ա Ռ Ն Ե՞Ք

Երբ թոթափվում է լուռ
Պատրանքներից հոգին,
Անսովոր է այնքան
Շնչելը դառնում:-

Հիվանդ մոգության մեջ
Տառապած, դժգույն`
Իմ ձեռքերը կառնե՞ք
Իմ հատուցման պահին:

Քանզի իմ ձեռքերից բացի
Ես արդեն ուրիշ
Ծիածաններ չունեմ
Քեզ հանգուցվելու.-

Իմ ձեռքերը կառնե՞ք:


* * *
Ես ապրողն էի իմ մայր հողում,
Ինձ պատժողները հետո եկան,-
Եկան աչքերով ցուրտ ու շողոմ,
Ու ցուրտ ձեռքերով գեհենական:

Եկան քմայքով մեղկ ու զազիր,
Եվ տաք արյանս գրգիռն ամեն,
Երբ սփոփանք էր կյանքս աննենգ,
Թեթև էր, անհողմ ու անբասիր,-

Դարերին սարսափի ցուրտ նշողում
Եվ ավար դարձրին գեհենական.-
Ես ապրողն էի իմ մայր հողում,
Ինձ պատժողները հետո եկան…


* * *
Այս տրտմության մեջ հին
և ստվերներում պղտոր
դու տեսնում ես հիմա
իմ կասկածները ցուրտ:-
Ինձ անհայտ մնացած
ճանապարհի վրա
ինձ կորցնելու ցավից
ո՞վ է տխրելու արդյոք:

Երբ ես չեմ լինի արդեն
այսքան լուսավոր
և այսքան պայծառ,-
հին մշուշների մեջ
ո՞վ է երևալու արդյոք`
իմ հին տարիների
այսքան հիմնահատակ,
հանգած արևը փնտրելու:

Աստված, երևացրու ինձ
իմ աչքերը նորից
և բարձրացրու օրվա
թախիծներից անծայր:-
Աստված, երևացրու ինձ,
երբ թվում էր այնպես,
թե աստված է, մեղա,
նայում իմ աչքերից…:

* * *
Առավոտ իմ, տեղից պոկված,
Այս քրքրված արահետով
Ո՞ր ես հիմա ինձ տանելու,
Առավոտ իմ, թևը կոտրած:

Քամիները եկել, անցել
Անքուն, անքեն տարիներիս,-
Սրտիս լքված հնձանի մեջ
Խրախճանքի երգ են բացել:

Ամեն անգամ, ամեն քայլիս
Քանի կարոտ-հավք եմ թաղել,
Աչքերիս մեջ` ծվեն-ծվեն
Խուլ տառապանք սոված գայլի:

Առավոտ իմ, տեղից պոկված,
Այս քրքրված արահետով
Ո՞ր ես հիմա ինձ տանելու,
Առավոտ իմ, թևը կոտրած…:


* * *

Ես մի պատահական հանդիպում եմ հիշել և կարոտի պես տխուր եմ հիմա
և մեղավոր եմ բոլորի համար,
և հանցագործ եմ բոլորի համար,
և հանցագործ են բոլորն ինձ համար:-
Իմ կարոտների բակը մաքրել եմ հին թափուկներից անհարկի,
Բայց մի պատահական հանդիպում եմ հիշել և կարոտի պես տխուր եմ հիմա:
Երգ իմ, փրկիր ինձ` քո պոետին, շան բերան չընկած իմ մաքուր կին:


* * *
Մի հին առավոտ, երբ տաք անձրև էր գլխիս վրա,
Եվ հեթանոսի արյուն էր պայթում շրթունքներիս,
Տարա ոչխարս փակեցի ցամաք քարանձավում,
Եվ ես հեռացա – ես` հարբած սիրով և հեթանոս:

Ահեղ էր հոգիս, կամքս հատու էր, աղջիկս` զոհ,
Ո՞վ էր հավատում, որ մարած սրտով, մեղքս` ահեղ,
Հիմա կնստեմ և ոչխարներս լացեմ հերթով,-
Երբ տաք անձրև էր հետքերիս վրա և տոթ աստված,

Եվ հեթանոսի արյուն էր պայթում շրթունքներիս:


* * *
Եվ պղտորում է գիշերն իր լույսը
Թարթիչներիս,
Եվ թացանում է լույսի աշխարհը,
Եվ լռությունը աստղերի ձայնով
Շոշափում է ինձ,
Եվ գիտակցում է իղձերիս ցավը,
Եվ անուշ խոսքով
Ոչինչ մեռցնել չեմ կարողանում:-

Մեռնելու մասին խոսքեր չգիտեմ:


* * *
Այս մարդիկ` անհունորեն միջակ,
Ինձ լացացրին, և ես չասացի`
Ինչու՞,-
Եվ ես չասացի`
Ինչի՞ համար,-
Ես չդարձըրի
Ոչ իմ աշխարհը ցավի համերգ,

Ոչ արյան թախիծը մայթերի ջուր:











































Комментариев нет:

Отправить комментарий