Իսկական երգն այն է, որ գարունն ավետող առաջին քնքուշ հովի պես աննկատելի շրջում է ամեն տեղ, մտնում ամեն օջախ, հուզում սարերի հովվի սիրտը, ընկերակցում լեռների ընդերքը պեղող հանքագործին, դառնում սիրահար պատանու, ուղեկիցը և երկար ու երկար ժամանակ չի ընկնում մարդու շուրթերից, նրա հետ է լինում բուռն ուրախության ու վշտի պահին, նրա տանը, հանդում, դազգահի մոտ, ամեն տեղ...
Լավ երգն ապրում է դարեր, փոխանցվում է սերնդից սերունդ ու երբեք չի մեռնում, չի կորչում։ Մարդիկ չեն ձանձրանում նրանից, ինչպես չեն ձանձրանում առավոտյան զեփյուռի փսփսոցից կամ ծարավ հագեցնող աղբյուրի քչքչոցից: Լավ երգը մարդուն ուղեկցում է նրա օրորոցից մինչև ծերության օրը, մինչև նրա արդար հանգչելու պահը...
Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը իր հոգու մաքրության, հյուրի առաջ իր սեղան-սուփրան բաց անելու ավանդական սովորության հետ միասին, պահպանել է իր հոգու, բազմաձև գանձերը, դրանց հետ նաև իր երգը՝ երբեմն խրոխտ ու մարտական, երբեմն քնքուշ ու թախծոտ, բայց ոչ երբեք նվացող ու հուսակտուր։ Պատահական չէ, որ ամեն մի նոր լավ երգ հացի պես քաղցր ու հանապազօրյա է դառնում մեզ համար, ապրում է մեր կյանքում ու կենցաղում, որպես նրա մի անբաժանելի մասը։
Նոր չէ, որ մեր ժողովուրդը ամենուրեք երգում է մեր նոր ժամանակների գուսանական երգի տաղանդավոր վարպետներից մեկի՝ գուսան Աշոտի ստեղծած սրտահույզ երգերից շատերը։ Երգում է, երբեմն մոռանալով, որ այդ երգի ստեղծողն իր անբաժան քյամանչայով ապրում է իր հետ, իր ժամանակակիցն է: