Ասում են՝ գրողի ստեղծագործությունը մինչև խորքը հասկանալու համար պետք է ճանաչել նրա հայրենիքը, այն, որ հին հայերեն կոչվում էր ծննդյան ու սննդյան տեղի: Եթե այս պահանջն իրավացի է առհասարակ, ապա Սուրեն Այվազյանի պարագային պարտադիր ու ճշմարիտ է կրկնակի: Այն լեռնաստանը, ուր Սուրեն Այվազյանն է ծնվել, անցկացրել մանկությունը, ստացել նախնական կրթություն, որպեսզի հասուն տարիքում վերադառնա նրա գիրկը, հյուսվի նրա առօրյային ու պատմությանը, գրի նրա գեղարվեստական կենսագրությունը եւ վերջն էլ հավիտենական նինջով փարվի նրան` գումարվելով նրա դժվար պահվող սակավ հողին, - կոչվում է Զանգեզուր, իսկ հին անվամբ` Սյունիք-Սիսական: Երբ քայլում ես Սյունիք-Զանգեզուրում, քեզ հետ խոսում են սարերը, քեզ իր գիրկն է առնում այս բիբլիական լեռնաստանի բնակչության բազմահազարամյա պատմությունը, որի ամեն մի դարը լի է քաղաքական ու մշակութային մեծագործություններով: Բայց ամենից առաջ գրական կյանքով, ժողովրդական պատկերավոր մտածողական այնպիսի փայլատակումներով, որ հատուկ էր ոչ միայն կոչմամբ գրողներին` հինգերորդ դարի Մովսես Քերթողին կամ վեցերորդի Պետրոս քերական-բանաստեղծին, յոթերորդի Ստեփանոս Սյունեցուն կամ նրա քույր, հայոց առաջին բանաստեղծուհի-երաժշտագետ Սահակադուխտին եւ հաջորդ դարերի հայոց գրականությունը զարդարող շողշողուն անուններին, - այլեւ ամբողջ այս լեռնաստանի բնակչությանը` սովորական աշխատավորից մինչեւ իշխանավոր ավատատերը:
Միջնադարում ասել են` յուրաքանչյուր նորածին սյունեցու մեջ երկու մարդ է քնած` մի գուսան ու մի պատմիչ, այսինքն` մեկ բանաստեղծ եւ մեկ արձակագիր: Ճշմարիտ էր այս խոսքը, քանզի Սյունյաց երկրի ամեն մի գրագետի մեջ միշտ էլ արթնացել է երկուսից մեկը, հաճախ էլ` երկուսը միասին (հիշենք պատմիչ ու բանաստեղծ Ստեփանոս Օրբելյանին` մեր մատենագրության արծաթե դարի վերջին մեծին), սակայն պակասավոր էր նաեւ. չէ՞ որ նույն Սյունիքն է տվել 14-րդ դարի այն լուսավոր գիտնականներին, որոնք «խավարի թագավորության» մեջ վառեցին Գլաձորի համալսարանի լուսաճառագ ջահը, իմաստուն դիվանագետ Իսրայել Օրին, Դավիթ բեկ զորապետին եւ նրա քաջ նիզակակիցներին…Սյունիք-Զանգեզուրի անցյալ դարերը բերնեբերան լիքն են հոգեւոր խիզախումներով, որոնք կենսավորում են լեռնաստանի նոր կյանքը: Սյունիք-Զանգեզուրում անվերջ նորոգվում է պատմությունը: Ավանդույթները եւս նորոգվում են ու ծաղկում: Խորհրդային կյանքի առաջին շուրջ մեկուկես տասնամյակում այստեղ վերընձյուղեց ու զորացավ մեր նոր գրականության հզոր կաղնին` Ակսել Բակունցը: Առանց վարանելու կարելի է ասել, որ հետագա մեր ամբողջ գրականությունը, արձակ թե բանաստեղծական, ամենակենսական դասեր է առել այդ կաղնու հզոր խշշոցից: Ամբողջ գրականությունը, եւ հատկապես Սյունյաց հողից ելած այն սերունդը, որի ներկայացուցիչներն են համարյա միաժամանակ գրական ասպարեզ մտած Համո Սահյանը, Սերո Խանզադյանն ու Սուրեն Այվազյանը: Ակսել Բակունցից հետո հեշտ է գրական կյանքում քայլել. նա բացել էր գրականության լայնահուն մի ճանապարհ եւ ցույց տվել այդ ճանապարհն ազնիվ ու շիտակ անցնելու մեծագույն օրինակը: Սակայն Ակսել Բակունցի կողքին գրականության մեջ սեփական տեղ գրավելն էլ անհնարինության չափ դժվար է. պետք է նոր խոսք ասել, սեփական քայլվածքով անցնել գրական ճանապարհը, որը եւս պետք է հարթված լինի սեփական ջանքով ու տքնությամբ: Սուրեն Այվազյանը երեւի ծնվել էր ըստ միջնադարյան ասույթի: Նա բանաստեղծությամբ սկսեց իր գրական կենսագրությունը: Նախապատերազմյան տարիների իր ապրումներին ձեւ ու կերպարանք էր տալիս ոտանավորով: Եվ պատահական չէ, որ այդ ժանրի քնարական շունչն առկա է իր հետագա ամբողջ գրական կյանքում: Ընթերցողի հետ Սուրեն Այվազյանի առաջին լուրջ զրույցը տեղի է ունեցել 1947 թվականին` «Անավարտ գորգը» գրքով, որի մեջ գողտրիկ պատմվածքներ կան հայրենի գյուղի, պատերազմ գնացած այրերի եւ թիկունքում մնացած կանանց, ծերերի ու դեռահասների դժվարին կյանքի մասին: Հետո մեկը մյուսի ետեւից լույս տեսան «Խորաձորցիք», «Լեռնցիներ», «Խիղճը», «Տուր ձեռքդ, կյանք» եւ այլ գրքեր, որոնցով գրողն իր տեղը հաստատեց հայ գրականության մեջ, հատկապես «Խիղճը» ժողովածուի պատմվածքներով եւ «Տուր ձեռքդ, կյանք» վեպով: Սրանք լուրջ նվաճումներ եղան ինչպես հեղինակի, այնպես էլ ետպատերազմյան շրջանի հայ արձակի համար: «Անավարտ գորգ»-ից տասը տարի հետո է լույս տեսել «Խիղճը»: Տասը տարիներն իրենց նշանակալից անցուդարձով որոշակի դրոշմ էին դրել գրողի ստեղծագոծոթյան վրա, նրա գրական սկզբունքների ու աշխարհընկալման վրա: Եթե նախորդ գրքերում առկա էին միայն կյանքից քաղած հետաքրքիր նյութը եւ այդ նյութի նկատմամբ գրական-քնարական վերաբերմունքն ու հյութեղ պատմելաձեւը, ապա այստեղ գրողն ավելի ներհուն է, անմիջական եւ ուղղամիտ, անողոք նույնիսկ սեփական թուլությունների հանդեպ, միաժամանակ անխառն հավատով է նայում կյանքին, նրա առաջընթացին: Գիրքն ամբողջովին տոգորված է կենսահաստատ ոգով: Այդ տարիներին ստեղծվեցին «Ձորերի ձայնը», «Փրթոսի ընկուզենին», «Լուռ Լալազարը», «Խիղճը» պատմվածքները, որոնց մեջ արտացոլված կենսական առողջ ու ազնիվ նյութն իր հետ բերել է համապատասխան գեղարվեստական ձեւ: Բակունցյան ավանդները, մեր արձակի մեծ ուսուցչի դասերն այստեղ գտել են իրենց իսկական բարձրարվեստ կիրառությունը: «Տուր ձեռքդ, կյանք» ինքնակենսագրական վեպով Ս.Այվազյանն իր գրական ձայնի հատուկ ջերմությամբ ու անկեղծությամբ ներկայացրեց ապրած ժամանակաշրջանը` երեւույթների տիպական գծերով, սոցիալական եւ քաղաքական վերափոխությունների ու նոր կերտումների լայն ընդգրկմամբ: Այվազյանի գրքի կարեւոր արժանիքներից մեկը պատումի քնարականությունն է, գեղեցիկ, գրավիչ պատմելաձեւը: Անհնար է չհավատալ հեղինակի խոսքին, նրա հերոսների արարքներին, վարքագծին, գործողությունների ու դրությունների բնական ընթացքին: «Տուր ձեռքդ, կյանք» վեպից հետո, ըստ երեւույթին, նաեւ նրանից առաջ, մի քանի տարի Այվազյան-արձակագրի հայացքը սեւեռված էր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական փուլերից մեկին: Արդյունքը եղավ Ճակատագիրն հայոց» վեպը, որի ընթերցումից հետո չես կարող չմտածել, որ Այվազյանի նախընթաց գրական կենսագրությունը եղել է լուրջ նախապատրաստություն գրական այս խոշոր քայլի համար: Ամենահին ժամանակնրրից ի վեր, տիեզերքի հետազոտողները գիտեն, որ արեգակի կառուցվածքն ուսումնասիրելու լավագույն պահերը նրա խավարուների ու բռնկումների շրջաններն են: Այդպիսի պահերին աստղագետները դիրք են բռնում հարմարավետ բարձրակետերում եւ դիտում-նկարագրում են մեր տիեզերքի մեծ լուսատուի վարք ու բարքը: Պատմավիպասանը նման է աստղագետին. նա էլ իր ժողովրդի կենսագրության մեջ փնտրում-գտնում է խավարումների ու բռնկումների այն վճռական պահերը, երբ ճակատագրի հասցրած օրհասական հարվածների ներքո խլրտացել են ժողովրդի ներքին ուժերը, եւ այս խլրտումի փոթորկոտ ալիքների մեջ ծնվել են նոր հերոսներ, որոնք իրենց երկիրը պետք է առաջնորդեին դեպի լույս եւ ազատություն...
ՀԱՏՎԱԾ ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻ «ԱՐՁԱԿԱԳՐԻ ՎԱՍՏԱԿԸ» ԳՐԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻՑ
Լուսանկարում̀՝ Գուսան Աշոտ և Սուրեն Այվազյան
Комментариев нет:
Отправить комментарий