ԲԱԺԻՆՆԵՐ

14.10.2015

ՆՈՐ ԳՐՔԵՐ/ ԳԱՐԵԳԻՆ ԲԱԲԱՅԱՆ / Կարոտներս


Գարեգին Բաբայան, Կարոտներս, Գորիս, 2015, 54 էջ: 

Գարեգին Բաբայանը ծնվել է 1954 թվականին Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1961 թվականին ընդունվել է Քարաշենի ութամյա դպրոցը և այնուհետև ուսումը շարունակել Տեղ գյուղի Արամայիս Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 1979-ին: 1980 թվականից աշխատել է Գորիսի քաղխորհրդի գործկոմում՝ սկզբում որպես կազմբաժնի հրահանգիչ, այնուհետև՝ գործկոմին կից անչափահասների գործերի հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, իսկ 1986-ից մինչև 1989թ.՝ քաղխորհդի գործկոմի իրավաբանական բաժնի վարիչ: 1999-2000 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ որպես Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազի օգնական: 2000-2002թթ. աշխատել է Հայագրոբանկի Գորիսի մասնաճյուղում՝ որպես իրավախորհրդատու: 
2002 թվականից ԼՂՀ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ: 
Անկուսակցական է: 
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
<<Կարոտներս>> ժողովածուն Գարեգին Բաբայանի գրական երախայրիքն է:
Գրքի խմբագիրը և առաջաբանի հեղինակը Արկադի Ծատուրյանն է:

***
<<Այս գիրքը Բաբայան մարդու մարդկային բնույթի ու բնավորության արտահայտությունն է, իր հայրենիքի, հայրենի հողի, ժողովրդի ու մարդու նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը չափածո խոսքով արտահայտելու բուռն ցանկության արդյունք:
Այս տեսակետից գրքի հայտնությունը բոլորովին էլ պատահական ու անսպասելի չէ: Այս գիրքը եղել է հեղինակի բանավոր զրույցներում, արտահայտություններում, ասված ու չասված մտքերում ու մտածումներում: Այս փոքրիկ գրքույկում Բաբայանն ուղղակի ուզում է ջերմորեն, գեղարվեստական տեքստով զրուցել իր ժողովրդի հետ, քնարի լեզվով արտահայտել իր հույզերն ու ապրումները, ցույց տալ, թե ինչպես ու ինչպիսին է ուզում տեսնել հայրենիքը, մարդկայնորեն ինչպես խորն է սիրում հայրենի բնությունը, իր հայրենի ձմեռները, աշուններն ու գարունները, առհասարակ մարդկանց ու իր հարազատներին...>>

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ

ՊԱՊՍ

Մի շիվ տնկեց խնամքով
Անդոն պապս մեր այգում,
Շիվն այդ աճեց, բարձացավ
Ու ծառ դարձավ շողշողուն:

Սակայն ծառին այդ ճկուն
Բուքն ու քամին շատ դաժան
Առավոտից իրիկուն
Տանջում էին ամեն ժամ:

Բայց ծառն այդ դիմացավ
Խորշակներին վայրենի,
Էլ ավելի մեծացավ՝
Կառչած հողին հայրենի:

Ծառն արձակեց նոր ճյուղեր
Ու բերք տվեց շատ առատ
Հիմա կանգնած է նա վեհ
Պտուղներով անարատ:

Ես այդ ծառի հետ մեկտեղ
Աճել եմ ու մեծացել,
Իսկ իմ պապը սիրելի
Շատ վաղուց է սրբացել:

ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻՆ

Հնչում են քաղցր երգերդ, գուսան,
Արարիչ Աստծո օրհնանքները քեզ,
Օ՜, երգերը քո ինչքան են հուզել
Հայաստան երկրին, Գորիսին և մեզ:

Ծնվեցիր ուղիղ Գորիսի սրտում,
Գորիսը տվեց քեզ երգ ու քնար,
Եվ դու փայլեցիր համայն աշխարհում
Որպես մեծ գուսան ու երգի հանճար:

Երգերդ մեղուշ, երգերդ անուշ,
Հասնում են մինչև խորքը մեր հոգու,
Խոսքդ մեր սրտին տալիս է նոր ուժ,
Եվ մեր ցավերը բուժում, ամոքում:

Ո՜վ դու մեծ գուսան, կապրես դարեդար
Քո լույս հանճարով ու քո մեծ սիրով,
Քանզի անսահման քո սերը, Աշո՛տ,
Այս չար աշխարհին շատ է հարկավոր:

ԱՄԵՆ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ

Ամեն գարնան հետ
Սիրտս բացվում է կոկոն վարդի պես,
Ամեն գարնան հետ
Հոգիս խնդում է հույզերով անտես:

Ամեն գարնան հետ
Սրտիս մեջ թաքուն
Ծնվում են երգեր,
Ամեն գարնան հետ
Արևի շողն է ինձ դառնում ընկեր:

Եվ ես ելնում եմ
Շուրջս ցնծություն ու խինդ մաղելու,
Եվ ես ելնում եմ
Սարերի վրա ծաղիկ քաղելու:

Եվ ես ելնում եմ,
Մով երկնքի տակ բախտս փնտրելու,
Եվ ես ելնում եմ
Ամբողջ աշխարհին սերս հայտնելու:

ԿՆՈՋՍ՝ ԱՆԱՀԻՏԻՆ

Դու հենասյուն իմ տան,
Դուռը իմ հույսի,
Նեցուկը հոգուս
Եվ շողն իմ լույսի:

Քանի դու կաս կյանքում
Ես չեմ մեռնի, գիտե՞ս,
Չէ՞ որ հազարներից
Ես ընտրել եմ քեզ:

Իսկ դու, իմ սիրելի՛,
Իմ կի՛ն, իմ Անահի՛տ,
Մի եղիր իմ նկատմամբ
Անհավատ ու անսիրտ:

Հավատա՛, հավատա՛ դու ինձ,
Մայր իմ զավակների,
Քո դեմ ոչինչ են բոլոր
Կանայք այս աշխարհի:

Թախիծս ժպիտ դարձրու,
Վիշտս՝ ուրախություն,
Ու միասին գնանք
Դեպի անմահություն:

ՀԱՅՐՍ

Ուսուցիչ էր հայրս
Մեր գյուղի դպրոցում,
Բարի համբավ ուներ
Ե՛վ տանը, և՛ փողոցում:

Աշակերտն էի նրա,
Դաս էր տալիս նա ինձ,
Կարծես երազ եմ տեսնում
Տարիների հեռվից:

Սրբի նման բարի
Դասարան էր մտնում,
Եվ Մաշտոցի մասին
Հրաշքներ էր պատմում:

Մի օր ինչպես եղավ
Խաղով տարվեցի,
Հոգնած տուն դառնալով՝
Դաս չսովորեցի:

Հայրս խիստ ու մռայլ
Հենց դասարան մտավ,
Մեր մատյանում իսկույն
Ազգանունս գտավ:

Մեղավոր ու մոլոր
Գլուխս խոնարհեցի
Ու համրի պես անձայն
Տեղս կանգնեցի:

Չհասկացա՝ ինչու
Հայրս ինձ չներեց,
Ու իմ անվան դիմաց սիրուն
Մի մեծ <<երկու>> դրեց:

Այդ օրվանից ահա
Տարիներ են անցել,
Բայց իմ մեջ մինչև հիմա
Մի բան անհայտ է մնացել,

Թե ուսուցիչ հայրն իմ ինչու՞
Ինձ շատերից չտարբերեց
Եվ հարազատ որդուն այդպես
Հանգիստ <<երկու>> դրեց:


Комментариев нет:

Отправить комментарий