ԲԱԺԻՆՆԵՐ

01.08.2015

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ / Աղասի Խանջյանի հուղարկավորությունը

Հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երեւան բերին։ Երեւանի կայարանում մեծ բազմություն էր հավաքվել։ Կայարանից մինչեւ քաղաք տանող ճանապարհը փակված էր միլիցիոներների խիտ շղթայով (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված էր միայն Կենտկոմի եւ Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն եւ ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին։ Կայարանից մինչեւ Խանջյանի առանձնատունը, որ գտնվում էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարվում էր ուսերի վրա։ Համարյա հինգ րոպեն մեկ փոխվում էին դագաղն իրենց ուսերին կրողները։ Ժողովուրդը ամեն կերպ աշխատում էր պատռել միլիցիայի շղթան եւ հետեւել Խանջյանի դագաղին, բայց միլիցիոները հարվածում եւ ետ էր մղում նրանց։ Ես ականատես եղա մի սրտառուչ դեպքի։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մոտեցավ միլիցիոներներից մեկին, գրպանից հանեց Խորհրդային Միության Կենտգործկոմի անդամության տոմսը եւ ասաց. «Կյանքումս երբեք չեմ օգտագործել Կենտկոմի անդամության իրավունքները, թույլ տվեք անցնել եւ գնալ դագաղի ետեւից»։ Միլիցիոներները ձգված պատվի առան եւ ճանապարհ բացեցին մեծանուն գիտնականի համար։ Նա դագաղին հասնելով՝ փոխարինեց մեկին, դագաղին ամրացրած փայտը դնելով իր ուսերին։ Դագաղի ետեւից քայլում էինք ես եւ Չարենցը, երբ մոտեցանք Խանջյանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց. «Այ տղա, Ալազան, նեուժելի Խանջյանի նման բոեւոյ մարդը կարող էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կա, որը վաղ թե ուշ կպարզվի»։ Եվ պարզվեց։ Դագաղը դրվեց առանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը եւ հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է (այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին)։ Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից։ Հուլիսի 12-ին նշանակված էր թաղումը։ «Խորհրդային Հայաստան» թերթում տպվեց Խանջյանի փոքրադիր մի նկար եւ Անդրերկրկոմի եւ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի մահազդերը, որոնք ոչ թե մահազդեր, այլ քաղաքական եւ դատական մեղադրանքներ էին։ Շատ սրտաճմլիկ էր տեսնել Աղասուն՝ պառկած դագաղում։ Նրա աջ եւ ձախ քունքերին դրված էին թփից նոր քաղված երկու խոշոր վարդեր։ Ամբողջ դագաղը ծածկված էր թարմ ծաղիկներով, իսկ մելամաղձիկ սգո մեղեդու նվագի տակ «քնած» էր ժողովրդի մեծ ու սիրելի զավակը։ Բերիայի գործակալ Խաչիկ Մուղդուսին՝ կանգնած դահլիճի մի անկյունում, Արգոսի աչքերով դիտում էր իր չորս կողմը։ Ոչ ոք ռիսկ չարեց պատվո պահակ կանգնել։ Դագաղի մոտ էին քույրը՝ կոմունիստ Սրբուհի Խանջյանը, մայրը՝ մի աթոռի նստած, ծնկներին խփելով մորմոքում էր, իսկ հայրը փորձում էր հանգստացնել եւ մխիթարել նրան։ Չնայած որ առանձնատունը շրջապատված էր միլիցիայի խիտ ջոկատներով, բայց ժողովուրդը պատռեց այդ շղթան եւ մտավ առանձնատուն, հրաժեշտ տալու իր սիրելի ղեկավարին։ Պիոներները ծաղկեփնջերով ծածկեցին նրա դագաղը։ Ներս մտավ մի զառամյալ ծերունի, որի սպիտակ մորուքը հասնում էր մինչեւ կուրծքը։ Նա մոտեցավ դագաղին, ծնկի եկավ, խաչակնքեց երեսն ու հոնգուր-հոնգուր լացով դուրս գնաց։ Տեսնելով ժողովրդի հուզումները, Մուղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին՝ Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղեւոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց. - Կացե՛ք, կացե՛ք։ Հայրական այս ազդու խոսքերից հետո ոչ ոք չհամարձակվեց դագաղը տեղից շարժել։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով՝ ասաց. «Իմ սիրելի Աղասի, դուն, որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա Խորհրդային ազատ երկրին մեջ ի՞նչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»։ Այդ դամբանական կարճ խոսքով Ղեւոնդ Խանջյանը հրապարակավ կասկած հայտնեց, որ իր որդին ինքնասպան չի եղել։ 

Վահրամ Ալազան, Տառապանքի ուղիներով, Ե., 1990:
<<Հրապարակ>>, 2015թ. հուլիսի 8  

Комментариев нет:

Отправить комментарий