ԲԱԺԻՆՆԵՐ

16.07.2015

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Ինչպես հիշում եմ. Ակսել Բակունցի հետ

Այս բանը եղավ 1928 թվականին: Ամպամած օր էր: Սև քաշաթուխպ էր ծանր նստել մեր ձորում՝ մի թևը Դրնգանի ժայռե ատամներին, մյուսը՝ Բրուտների թաղամասում. որ սպառնալի կախվել է կիրճի վրա:
Դպրոցի բակում շարք ենք կանգնել, նայում ենք ամպերին: Թվում է, եթե կանգնես քերծերից մեկի վրա՝ գլուխդ կմտնի ամպի սառը մալանչների մեջ: Մեր ուսուցիչն ասում է.
-Խելոք կացեք, գնում ենք մեր համագյուղացի գրող Ակսել Բակունցին դիմավորելու:
Գնում ենք՝ շարք-շարք, հաճախ ցրվելով՝ բարկություն պատճառելով մեր խստաբարո ուսուցչին:
-Գրողը հի՞նչ ա,-հարցնում է ընկերս՝ Ջավահիրին Սուրենը՝ ինձ նման գեղջուկ պատանի:
-Գրողը Բակունց Ստեփան դայու տղան ա,-բացատրում է յոթերորդ դասարանցի մեծ եղբայրս՝ Սուրենը: - Էն որ մեր Վանդունց Բադու պատմությունն ա գրել: Գրողն էն ա: Մեծ մարդ ա:
Քիթներս շուտ-շուտ մաքրում ենք, գոտիներս ուղղում: Գեղջուկ տղերք ենք, ո՛չ գրող ենք տեսել, ո՛չ <<մեծ>> մարդ: Գնում ենք յուրաքանչյուրս իր ձևով պատկերացնելով Ստեփան դայու <<գրող տղին>>: Մեկը պնդում է, թե նա <<ալաֆռանգի>> շորերով կլինի (միայն լսել է <<ալաֆռանգի>> շորի անունը, չի տեսել, որտե՞ղ տեսներ), մյուսը թե՝ չալ մորուք կունենա: Եվ հավատում ենք, որ թե՛ չալ մորուք և թե՛ <<ալաֆռանգի>> շորեր կունենա մեր համաքաղաքացի գրողը:
Դուրս ենք գալիս մեր փոքրիկ քաղաքից, ծռվում դեպի Շորին ձորը, բարձրանում <<Փոշտի ճընհապան>>: Ցեխ է: Վերևից՝ թխպով պատած լեռնալանջից լսվում է մեկի հորովելը.

<<Ծարավել եմ, ջուր բերե՜ք...>>

Ահա և Շորին ձորը: Քաշաթուխպը շան պես մեկ փաթաթվում է մեր ոտքերին, հոտոտում, մերթ ելնում ժայռերն ի վեր՝ ցող թողնելով մեր փափախներին, հոնքերին, կանաչներին:
Մի ավտոմոբիլ է խրվել Շորին ձորի դիքում, ցեխի մեջ: Երեք հոգի կպել են նրան և հրում են՝ ցեխից հանելու հույսով: Նրանցից մեկը մոխրագույն վերարկու ունի, երկարաճիտք սապոգներ և կապույտ կեպի: Նա ամուր կպել է ավտոմոբիլին, ուսը հենել նրան և ճիգ է անում տեղից պոկել...
-Ընկե'ր ուսուցիչ, օգնեցեք ավտոն ցեխից հանենք,-խնդրում է երկար տանջված շոֆերը:
Շտապում ենք,- դժգոհ պատասխանում է մեր ուսուցիչը ու մեզ քշում ճանապարհի եզերքով: - Գնում ենք մարդ դիմավորելու:
Կեպիով մարդը հուսահատ նայում է մեզ: Նա կապտավուն աչքեր ունի, մի փոքր երկարավուն, բարի դեմք: Եվ այդ դեմքի բարի լինելու՞ց, կապտավուն աչքերի գրավչությունի՞ց, թե՞ մի ուրիշ բանից մղված, մենք, մի քանի հոգի, կպչում ենք ավտոմոբիլին:
-Հո՛պ, հա՜, արևնիդ կծեմ, հու՜պ տվեք,-ոգևորւմ է մեզ կեպիավոր մարդը:
Ավտոմոբիլը պոկվում է տեղից: Մենք նրան միահամուռ ուժերով դանդաղ բարձրացնում ենք վերև: Ես հենց կեպիավոր մարդու կողքին եմ և լսում եմ նրա հևոցը, տեսնում երկար, հողոտ մատները: Բութ մատին չանգռվածք կա: Երևում է, որ վաղուց են խրվել ցեխի մեջ, լավ տանջվել են:
-Դու ումանցի՞ց ես,- հարցնում է ինձ՝ շունչը հետ բերելով:
Ես տալիս եմ մեր ազգի և հորս անունը:
-Հա՜,-ասում է,- հորդ ճանաչում եմ. գնում եք ու՞մ դիմավորելու:
-Բակունց Ստեփան դայու գրող տղին,-իսկույն պատասխանում եմ ես:
Ձայն չի հանում, թվում է՝ նեղացավ:
Ավտոմոբիլը հանել ենք ձորից. դենը ճանապարհը զառիթափ է, չոր, ինքն իրեն կգնա: Կանգնում ենք շունչներս հետ բերելու: Ներքևից մեր ուսուցիչը չարացած կանչում է մեզ.
-Շուտ արեք, եկե'ք:
Լեռնալանջից լսվում է ամպերի մեջ կորած, ասես ամպերը հերկող մաճկալի հորովելը.

<<Դանակ տվեք, սիրտ ճղե՜ք,
Բուղում-բուղում դարդե՜ր են...>>

Կեպիավոր մարդու աչքերը լցվում են թախիծով, ամբողջովին լսողություն դարձած ականջ է դնում հորովելին, որ մեղմ ծորում է ձորերի վրա, գնում փշրվում քարանձավների մեջ...
-Ո՞վ է հորովել ասողը, ձայնից ճանաչու՞մ եք,- հարցնում է նա՝ դեմքին մարմանդ մի ժպիտ:
-Ինչի՞ չէ, Ագեմ ամու հորովելն ո՞վ չի ճանաչի,-պատասխանում ենք մենք՝ աչքներս նրանից չկտրելով: Մի խոր հարազատություն ենք զգում դեպի այդ մարդը, որ այդպես ուշադիր է դեպի մեր հորովելը, մի զարմանալի քնքշությամբ է նայում քերծերին, քերծերի վրա ընկած կարկատան արտերին, ամպերին ու ամպերից դենը երևացող լեռնագագաթներին:
Նա նստեց ավտոմոբիլը և գնաց: Մենք շարունակում ենք մեր ճանապարհը: Բայց շուտով մի ձիավոր է հասնում մեզ.
- Ետ դառեք, հինգեր Բակունցը եկալ ա:
Մեր ուսուցիչը բերանը բացուխուփ է անում: Որտեղի՞ց Բակունցն իջավ քաղաք: Վերադառնում ենք: 
Քաղաքում՝ <<Դավթարխանի>> առջև, հորս, մեր հարևան Բակունց Թիվեսին Ստեփան դայու և էլի մի քանի մարդկանց հետ կանգնած է այն կեպիավոր մարդը, որի ավտոմոբիլը հանեցինք ցեխից, և որ այնպես զմայլված էր Արեգ ամու հորովելով: Մարդիկ մատով ցույց են տալիս նրան:
-Բակունց Աեքսանդրն է: 
Մենք շշմում ենք, զարմանում: Հապա ինչու՞ չասաց, որ <<Բակունց Ստեփան դայու գրող տղան>> ինքն է: Ի՞նչ իմանայի, որ թխպոտ այդ օրը, Շորին ձորում, ավտոմոբիլի սառը կողին կպած հողոտ, չանգռվածքով այդ երկար մատներն էին ստեղծել հրաշք <<Մթնաձորը>>, <<Ծիրանի տափը>>, հյուսել կախարդական <<Աքարում>> գործը, Մինա բիբու քնքուշ պոեմը...
Հիմա հաճախ եմ ես լինում Շորին ձորում: Ճանապարհն էլ էն չի. լայն է, խճած: Ճանապարհի եզերքին էլեկտրական սյուներ կան, որ լույս են տանում լեռների ծալքերում եղած գյուղերին: Կանաչ արտեր կան, կորնգանի դաշտեր, երբեմնի լերկ լեռնալանջը ծածկված է այգիներով: եվ ամեն անգամ կանգնում եմ այն թմբերին, որի վրայից Ակսել Բակունցը ականջ էր դնում ամպերի մեջ, ասես ամպերը հերկող մաճկալի հորովելին ու թվում է, թե հիմա էլ նա չմամռոտող խաչքարի պես կանգնած է այդ բլրին՝ վեհ, ինչպես իր երազած լեռնաշխարհը, ականջը ձայնի, միտքն իր հայրենի ձորերում: Կանգնած է չթեքվող հուշարձանի պես: Այդպես նա կանգնած է և մեր սրտերում: Այդպես կկանգնի դարեր...

Հուշապատումը՝ Սերո Խանզադյանի <<Ինչպես հիշում եմ>> գրքից(1988)
Ա.Բակունցի դիմանկարը՝ Ժիրայր Մարտիրոսյանի

Комментариев нет:

Отправить комментарий