ԲԱԺԻՆՆԵՐ

18.06.2015

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ - ԱՐՄԻԿ ԲԱԿՈՒՆՑ / «Ես վճռեցի անել այն, ինչ Սպարտակը չհասցրեց և ինչին, հավանաբար, ձգտում էր...»



Ռադիոհաղորդում մեր հայրենակից բանաստեղծ Սպարտակ Բակունցի եղբոր՝ Արմիկ Բակունցի և բանաստեղծի <<Հայացքների պայքար>> գրքի խմբագիր Երվանդ Պետրոսյանի մասնակցությամբ 

(Հարցազրույցի սղագրություն)


Ե.Պետրոսյան - Սպարտակի գիրքն արդեն տպագրվել է, և համոզված եմ` այս գրքի ու նրա հեղինակի մասին խոսք կլինի ոչ միայն ռադիոյով, ոչ միայն այսպես բանավոր, այլև մամուլում: Բայց անկախ դրանից, հիմա, սիրելի´ Արմիկ, խնդրում եմ մի քանի խոսք ասել քո եղբոր` Սպարտակի մասին՝ իբրև մարդու ու բանաստեղծի: Գիտեմ, հեշտ չէ քեզ համար խոսել քո բացակա եղբոր մասին, բայց, այնուամենայնիվ, եթե կարելի է, մի քանի խոսք նրա մասին:

Ա.Բակունց – Այո՛, սիրելի՛ Երվանդ, դու գիտես, թե ինձ համար որքան դժվար է այս հաղորդմանը մասնակցելը, մանավանդ, որ այն նվիրված է զոհված եղբորս: Բայց որքան ցավալի, նույնքան էլ ցանկալի է այս հնարավորությունն օգտագործել և նրան ներկայացնել ոչ որպես եղբոր, այլ որպես բանաստեղծի, որպես մարդու, որպես հայի:
 Ստեղծագործել սկսել է դեռևս դպրոցական տարիներից, ցավոք, այդ գործերից և ոչ մեկը չի պահպանվել: Դրանից հետո աստիճանաբար, փուլ առ փուլ զարգացրել է իր խոսքը, մտածելակերպը, բանաստեղծական ոճը, հասել թեմաների բազմազանության, իր զգացածն ու տեսածը, ապրածն ու ընկալածը բանաստեղծորեն վերարտադրելու ուրույն, կասեի անշփոթելի ձեռագրին, այն ամենին, ինչի մասին արդեն բազմիցս ասվել է, ասվեց և այսօր, համոզված եմ, դեռ էլի կասվի: Ափսոս միայն, որ չկա Սպարտակ Բակունց բանաստեղծը, որ այս խոսքերն ասվում են նրանից հետո, ու ինքը չի լսում իր մասին ասվածը: Դու, որ մինչև մեր հանդիպումը չէիր լսել Սպարտակի մասին, ճիշտ ես նկատել նրան ու բնութագրել` ինքնամփոփ, մտահոգ, ինքն իրեն չցուցադրող, ազգի, իր շրջանի ու գյուղի հոգսերով ապրող մարդ, անհաշտ ամեն տեսակի կեղծիքի հետ, քծնանքի ու ցուցամոլության, անազնվության ու երեսպաշտության նկատմամբ: Պատրաստ էր նեցուկ լինել դժվարության մեջ գտնվողին, սփոփել ու հուսադրել նրանց անհրաժեշտ խորհուրդներով, մասնագիտական բարձր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել ի շահ շրջապատի, կոլեկտիվի, ընկերների: Իսկ այն ազգի արժանապատվությունը, որին իր պատկանելության համար հպարտ էր զգում, միշտ գերադասում էր ամեն ինչից, հպարտ էր իր ապրած կյանքով և շատ ավելի համեստ հենց այդ հպարտության մեջ: 

Ե.Պետրոսյան – Շատերին տարօրինակ է թվում այն, որ Սպարտակը իր կենդանության օրոք երբևէ չի փորձել տպագրվել ոչ միայն Երևանում, այլ նույնիսկ շրջանային թերթում: Այդ մասին ի՞նչ կարող ես ասել: 

Ս.Բակունց – Դեռ տարիներ առաջ, քանի անգամ ես, և ոչ միայն ես, առաջարկել ենք տպագրվել թերթերում և ամսագրերում, ծանոթանալ ընթերցողների հետ, ներկայանալ նրանց նոր որակով՝ որպես բանաստեղծ. «Դեռ ժամանակը չէ, շուտ է>>,-պատասխանում էր: Հավանաբար ինչ-որ բանի դեռ կասկածում էր: Գուցե ինքն իր հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունն էր պատճառը, որ դեպքից դեպք կրկին անդրադառնում էր նախկին գրածներին, որևէ տող կամ տառ փոխում, աշխատում արդեն հաջողված թվացող բանաստեղծության վրա, ստեղծում նոր տարբերակ, գտնում իրականության բանաստեղծական պատկերման ավելի սահուն ու արտահայտիչ ձև և այսպես շարունակ: Սպարտակի գիրքը հրատարակելու ցանկություն իմ մեջ առաջացավ ինքնաբերաբար, ճիշտ այն ժամանակ, երբ բժիշկներն արցունքոտված աչքերով կյանքի համար պայքարում պարտված դուրս գալով՝ Սպարտակի մոտ ինձ մի քանի րոպե մնալու հնարավորություն տվեցին: Ես վճռեցի անել այն, ինչ Սպարտակը անել չհասցրեց և ինչին, հավանաբար, ձգտում էր...

Ե.Պետրոսյան – Դժվար էր, հավանաբար, գտնել, ի մի բերել մի մարդու բանաստեղծությունները, ով դեռ պատրաստ չէր զգում տպագրության: Ինչպե՞ս հավաքեցիր, ի մի բերեցիր այդ բոլորը:

Ա.Բակունց - Ձեռագրերը հիմնականում խնամքով պահել էր և դրանք սիրով ինձ տրամադրեցին կինն ու զավակները: Իսկ մի քանիսը, դեռևս անավարտ ու անմշակ, գտնվել են այն սենյակում, որտեղ վերջին երկու տարիներին միասին էինք աշխատում: 

Ե.Պետրոսյան- Աշխատավա՞յրը նկատի ունես: Գիտեմ, որ միասին էիք աշխատում:

Ա.Բակունց – Այո´, այո´: Ինչևէ: Ամեն ինչ հետևում է: Ուրախ եմ, որ գրքի տպագրությունը մի փոքր սփոփել է Սպարտակի ծնողներին, ընտանիքին ու հարազատներին, երկու սիրասուն զավակներին, որոնցով այնքան հպարտանում էր, բոլոր ճանաչողներին: 

Ե.Պետրոսյան – Մի ամբողջ տարի դու քուն ու դադար չունեցար: Մենք վկա ենք այդ բոլորին: Ուզում էիր տպագրված տեսնել Սպարտակի գիրքը, բայց ոչ թե տպագրված հենց այնպես, պարտականություն կատարելու նման, այլ ճաշակով, խնամքով, ինչպես վայել է գիրք-հուշարձանին: Եվ հիմա, երբ գիրքը լույս է տեսել, ինչպե՞ս է այն քեզ ներկայանում: Գո՞հ ես գրքից:

Ա.Բակունց – Գոհ եմ և չեմ կարող ընձեռնված հնարավորությունը չօգտագործել իմ շնորհակալությունը հայտնելու բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով օժանդակեցին գրքի տպագրությունը իրականացնելուն: …. Խորին երախտագիտություն Համո Սահյանին, ում այնքան պաշտում ու ձգտում էր Սպարտակը, գիրքն իր հեղինակավոր խոսքով ավելի արժեքավորելու համար: Գլուխ եմ խոնարհում նրա տաղանդի առջև… 
Թող այսուհետև Ձեզ ընձեռնվի միայն ու միայն հեղինակների հետ անձամբ աշխատելու հնարավորություն:

Ե.Պետրոսյան – Շնորհակալության զգացումով ենք ընդունում այդ մաղթանքը, որ նաև մե´ր ցանկությունն է ու մաղթանքը, մանավանդ, որ խոսքը վերաբերում է երիտասարդ հեղինակներին: Թող որ նրանցից ոչ մեկի գրքի առթիվ չհնչի հետմահու խոսքը:

Հայաստանի հանրային ռադիո, 1993թ.
Սպարտակ Բակունցի արխիվից

Комментариев нет:

Отправить комментарий