ԲԱԺԻՆՆԵՐ

25.04.2015

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ / ԱՊՐԻԼ 24 (1929 թ.)

Շատ շատերու համար կասկածելի չէ, որ Ապրիլ 11-24-ի դեպքերը նպատակ ունեին Հայոց Դատը ոչնչացնել` հայ ժողովուրդը կոտորելով: Հայը կոտորվեցավ ոչ թե իբրև քրիստոնեա, այլ որովհետև Դատ ուներ: Ու թուրքը դիմեց հիմնական միջոցի, ատամը քաշեց` ատամի ցավեն ազատվելու համար: Մեռցնել Հայկական Դատը, այս էր հիմնական պատճառը: Ժողովուրդը պետք է կոտորվեր` այս Դատը մեռցնելու համար և ժողովուրդը կոտորելու համար ամենեն առաջ կոտորեցին ղեկավարները, որպեսզի ինքնապաշտպանությունը չկազմակերպեն: Թուրքը խտիր չդրավ լուսավորչականի, բողոքականի և կաթոլիկի, Դաշնակցականի և Հնչակյանի միջև: Պետք չէ՞ր, որ մենք ալ մեկ ճակատ կազմեինք թուրքին դեմ: Բայց այսօր 14 տարի վերջ հակառակը կը տեսնենք: Հայ ժողովուրդը չէր կրնար հայ չմնալ: Հայ ժողովուրդը մեղք չունի կոտորածներուն մեջ: Գոնե կարդացեք այս առթիվ օտարներու գրածները: Մի միլիոն ու կես կոտորվեցավ անոր համար որ անոնք կրնային Հայաստան կերտել:
Ջարդի ծրագիրն հղացողը ըսավ, թե հայ ժողովուրդը պիտի կոտորե այնպես, որ հիսուն տարի ոտքի ելելու անկարող ըլլա: Այս է, որ պետք է հայտարարենք միշտ: Չէ կարելի ըսել թե հայ բազուկը անպատասխանի մնաց:

23.04.2015

22.04.2015

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՀ ԳԱԱ Մ.ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՐԱԼԻՑԻՆ


Ապրիլի 14-16-ը ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում անցկացվեց <<Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ>> թեմայով գիտական նստաշրջան, որը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: 
Բացման խոսքով հանդես եկավ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Ողջույնի խոսքեր ասացին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: 

19.04.2015

Թեհմինա Մարության / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքի մեքենական ու արագընթաց վազքի մեջ մենք հաճախ չենք նկատում առօրեականության շղարշով ծածկված կենսական կարևոր երևույթները և հեռու ենք մնում մեր շրջապատի արժանավոր մարդկանց ճիշտ գնահատական տալու, իրապես արժևորելու բարեպատեհ առիթներից ու հնարավորություններից: Արդյուքնում՝ մեր սրտի խոսքերը արտահայտում ենք նրանցից հավիտենապես բաժանվելուց հետո… 
Քառասուն օր առաջ(9 մարտի, 2015թ.) մեզնից առհավետ հեռացավ Սյունիքի մտավորական ընտրանու պայծառ անուններից մեկը՝ Նինա Հովսեփյանը՝ գրականության մեծ Ուսուցիչը, սևակագիտության երդվյալ մշակը, գրի ու գրչի անխոնջ սպասարկուն, երախտավորն ու Նվիրյալը. մեկն այն քչերից, որի կյանքը իր իսկ գործն է՝ հավերժության ուղեգրով: Խոսել Նինա Հովսեփյան մարդու ու մտավորականի մասին՝ նշանակում է խորհրդածել մարդկային բարձր, նվիրական արժեքների շուրջ: Նա՝ որոնումների այդ մարդը, գերի չդարձավ ժամանակին, չապրեց ժամանակի նեղ սահմանների մեջ՝ «լուսանցքային» չափանիշներով ու ընդգրկումով: Կենսական ժամանակի մեջ նա ստեղծեց իր բարձրաթռի՛չք հոգու ժամանակը, որը լցրեց ու իմաստավորեց նվիրական աշխատանքով: Հենց դրա շնորհիվ ամենակուլ ժամանակը չի կարող մոռացնել նրա անունն ու գործը: Ստեղծումով, մտքի ու գրչի պայծառությամբ լեցուն նրա կյանքի օրերը դեռ կշարունակեն ճառագայթել…

03.04.2015

ԱՇՈՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ / Պատկերի և գաղափարի ներդաշնակությունը Ակսել Բակունցի պատմվածքներում

Հայտնի է, որ գրողի խոսքարվեստի կատարելությունը հիմնականում պայմանավորված է նրա կերտած կերպարների և պատկերների (բնանկար, պատկեր-գործողություն, պատկեր-խոհ և այլն) հաջողվածությունից, որովհետև պատկերը ոչ միայն ինքնուրույն արտահայտչամիջոց է, այլև, որպես կանոն, տարբեր արտահայտչամիջոցների ներթափանցումով մտահղացված ամբողջություն: Սակայն լեզվաոճական ուսումնասիրություններում երբեմն նախապատվությունը տրվում է տվյալ պատկերի ներսում առկա առանձին արտահայտչամիջոցների զուտ քերականական և բառակազմական վերլուծություններին` մասնատելով, երբեմն էլ գաղափարազրկելով պատկերի ամբողջությունն ու նրա մտահղացման նպատակը կամ էլ շարադրանքի վերջնամասում թվարկվում են մի քանի պատկերներ (հիմնականում բնապատկերներ) և որպես եզրակացություն գրվում հանրահայտ վերացական նախադասություններ` մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Այս պատկերը նպաստել է կերպարի տիպականացմանը», «Մեծ լիցք է հաղորդել ստեղծագործության գեղարվեստականությանը» և այլն: Իսկ թե ինչպե՞ս է նպաստել կամ ի՞նչ լիցք է հաղորդել, գրեթե չի նշվում: Մինչդեռ գեղարվեստական պատկերի գլխավոր նպատակը երկի գաղափարական բովանդակությունը լրացնելն է, նրա ձևավորման նրբերանգներին մասնակցելը: