Ասուր... Սկզբում այդպես փաղաքշանքով նրան կոչում է միայն մայրը: Դա տաք շոր է, մութ խրճիթում լույս է, և տոնական օրերի նվերներ է: Դա և մոր բերանից հնչող բառ է, որ այս տառապանքներով, տագնապներով լցված աշխարհում ոգևորում է մի երեխայի, որին ոչ ոք ոչնչով չի ոգևորում:
Նա ծնվել է առաջին համաշխարհային պատերազմին և հիմա վեց տարեկան է՝ դեռ կռիվների մեջ է: Եթե հաշվենք, որ Ասուրի համար աշխարհն իրենց գյուղն է, ապա այդ աշխարհում ամեն օր կրակոցներ կան, մեղադրանքներ կան և պատիժներ: Բազմաթիվ անգամ է նա տեսել, թե ինչպես մարդկանց մարդիկ մտրակահարում են այնպես, որ մտրակի ու հարվածի տեղից արյուն է կաթում, և մարդը ուղղակի ցրիվ է գալիս հարվածներից: Տեսել է, թե ինչպես կանգնեցնում են, կրակում, ընկնում են մարդիկ, մարդիկ թույլ չեն տալիս, որ ընկածների երեխաները նրանց վրա լաց լինեն, և թույլ չեն տալիս, որ այդ սպանվածները գերեզման ունենան:
Ասուրի համար աշխարհը հավիտենական տանջարան է և զարմանում է, թե ինչու՞ է տանջարան: Ինչու՞ է մեկը մյուսին սպանում, ինչու՞ է մեկին ցուրտը հալածում, մյուսը տաք է հագնվում, ինչու՞ մեկը հայր ունի, մեկը՝ չունի և ինչու՞ են այդքան դաժան հայրերը, որ իրար կոտորում են: Պատասխան չի գտնում և իր մանուկ հոգու ամբողջ ուժով ատում է մարդկանց. մեծերին անխնա, և այն փոքրերին, որոնց տանը մեծեր կան:
Մի օր նա տուն է մտնում շրթունքները կապտած, արցունքն երեսին սառած:
Մայրը հարցնում է.
-Այդ ի՞նչ է պատահել, Ասու՛ր:
Լացի միջից ասում է.
-Իմ ոտքերը մրսում են, իսկ Նանումենց Հովհաննեսն ուղարկում է խանութ ծխախոտի:
-Չգնայիր:
-Ի՞նչ,-զարմանում է մոր համարձակությունից: - Չգնամ՝ Հովհաննեսն ինձ կսպանի:
-Չի կարող,-մայրը տաք ափով սրբում է որդու արցունքները:
Երեխան մորը չի հարցնում, թե ինչու՞ չի կարող, թեև չի համոզվում, ուզում է անառարկելի լինի մոր այդ խոսքը: Վախվորած, մրսած Ասուրը մտնում է մոր ծոցը, կպչում կրծքին և երազում այդպես անբաժան լինել մորից, աշխարհում այն միակ հարազատից, որն ասում է. <<Լինում է, չի լինում...>>, և դրանից աշխարհը գեղեցկանում է, չքվում է չարը, ու ինքն այնքան է ուրախանում, որ թրջվում են աչքերը: Աշխարհում այդ միակ հարազատն էլ որ չունենա, մարդիկ ծեծելով ցրիվ կտան իրեն և չեն խղճա: Եվ երբ տաքանում են նրա սառած ոտքերը մոր ոտքերի արանքում, ուրախություն ու համարձակություն է մտնում մեջը: Մոր տաք ծոցի մեջ մտածում է, որ իբր ինքն է հեքիաթի այն <<հրեղեն ձիավորը>>, որի թրի տակ ոչնչանում է ամեն չար բան, մարդիկ բոլորը դառնում են բարի-բարի՜, և այդ բարությունից ջրերը կաթնաղբյուրներ են դառնում, մեղրահյութով են լցվում նույնիսկ դառը պտուղները: Եվ իբր դրանից հետո ձին թռցնում է դեպի մայրը, որ կանգնած է մի կողմում, հիացած նայում է իր քաջ որդուն, և դեռ իր թևավոր ձին ոտքը չդրած հողին, մայրն իրեն առնում է թամբի վրայից, սեղմում է կրծքին և շատ ուրախությունից լաց է լինում:
Ասուրը վերմակի տակից հանում է գլուխը: Դրսում բուքը մլավում է մորը կորցրած կատվի ձագի պես: Այդ մլավոցը նրան հիշեցնում է Նանումենց Հովհաննեսին, որ այսօր իրեն հրամայեց խանութ գնալ և ինքը շատ մրսեց: Նա ոտքերը նորից դնում մոր ոտքերի արանքը, կծկվում ու տաք տեղ գտածի ձայնով ասում է.
-Նանի, մի հեքիաթ...
Եվ խավար խրճիթում լսվում է աշխարհը մի հեքիաթով դրախտ դարձնող մոր ձայնը. <<Լինում է, չի լինում...>> - իսկ վերջում. <<Երեք խնձոր վեր ընկնի. մեկն այն քաջ, ազնիվ տղային, մեկը՝ լսողին, մեկն էլ քեզ, անուշս>>:
-Չէ՛, նանի, մեկն էլ քեզ,-ու երջանիկ քնաթաթախ հառաչում է Ասուրը, երևի նրա համար, որ հեքիաթը կյանք չէ:
Հատված <<Պատմվածք Ասուր Ազյանի և Համաշխարհային
երկրորդ պատերազմի մասին>> ստեղծագործությունից, որ ըդգրկված է Սուրեն Այվազյան <<Կա և հետմահու կյանք>> գրքում:
*Լուսանկարը տրամադրել է գրողի որդին՝ Ավետիք Այվազյանը
*Լուսանկարը տրամադրել է գրողի որդին՝ Ավետիք Այվազյանը
Комментариев нет:
Отправить комментарий