ԲԱԺԻՆՆԵՐ

24.12.2014

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԱՌՋԵՎ


«Ուր էլ մեռնեմ աշխարհում, ինձ կթաղեք Զանգեզուրում». hայ տաղանդավոր արձակագիր Սուրեն Այվազյանի՝ հայրենի հողի անօրինակ պաշտամունքից ծնված այս խնդրանքը ի կատար ածվեց. 1981 թվականի մայիսի 19-ին գրողի աճյունը հողին հանձնվեց ծննդավայր Խնձորեսկում՝ իր կառուցած առանձատան այգում: 
Անկասկած, արվածը բարոյական քայլ էր, եթե հաշվի առնենք գրողի մարդկային համեստ ցանկությունը, բայց մեծերի պարագայում գործում են արժևորման չափանիշներ, որոնց «խախտումը» ինչ-որ առումով ներելի է: Այդ չափանիշները անձնական ցանկությունների շրջանակից շատ էական հարցադրումներ բարձրացնում են հավաքական կարևորության շրջանակ և պահանջում բոլորովին այլ լուծում: Չեմ վարանում պնդել, որ անկախ խնդրագրից՝ Սուրեն Այվազյանի տեղը Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնն էր: Որպես գրող՝ Այվազյանը միանգամայն արժանի էր այդ պատվին, արժանի էր համաժողովրդական մեծարման…
Ծննդավայրում տուն կառուցելով ու իր երազած տնամերձ այգին հիմնելով՝ Այվազյանը սրտագին բաղձանք ուներ, որ երբևէ կառույցը տուն-թանգարան կդառնա և, ամփոփելով իր աշխարհը, թանգարանային «լեզվով» ասած՝ իր անվան ու գործի հետ կապված մասունքները, սրբատեղի կլինի հազարավոր այցելուների համար: Բայց ցավոք, այսօր նրա մենավոր ու վիրավոր տունը բախտի քմահաճույքին է հանձնված, չարագործի ձեռքով թալանված ու խոցված: Ու թեև ուժասպառ՝ համառում է կանգուն մնալ և արժանապատվորեն հսկել մեծանուն տիրոջ շիրիմը… Եվ սրտակցում է նրան, և սգակցում է նրան… Կարծես քարե հևքով Ասուրի հոգու կանչն ու կարոտն է ուզում հասցնել մարդկանց… Իսկ այդ կարոտը հարազատ գյուղի կարոտն էր, մանկության ձորի կարոտը, իր համար հաց ու ավետարան դարձած մոր և իր գրքերի մեջ ամփոփված հասարակ մարդկանց կարոտը, առանց որոնց թերի կլիներ իր աշխարհը… 
2015 թվականի հունվարի 9-ին լրանում է Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակը: Անշուշտ, պետք է արժանին մատուցել հայ գեղարվեստական արձակի բարձր արժանապատվությունը ներկայացնող գրողին: Պետք է գործել: Լուծել հրատապ խնդիրները: 
Ահա սրտապնդվել ու եկել ենք Խնձորեսկ, իր շիրմաքարի առաջ ենք՝ գլխահակ ու մտախեղդ: Տան վիճակը ծայրաստիճան հուսահատեցնող է: Սիրտդ սեղմվում է ցավալի իրողությունից, միտքդ լարվում՝ անպատասխան հարցերի առատությունից… Ինչու՞ ենք մենք այսքան «անփույթ մեր հանճարի հանդեպ»(Չարենց), ինչու՞ է դեպի Սուրեն Այվազյան տանող ճանապարհը այսքան նեղացել, ինչու՞ է խնդիրը այսչափ խորացել ու բարդացել, ինչու՞ է Այվազյանի նման մեծությունը ննջում ազգականներից մեկի «տնամերձ բոստանում»:  Այվազյանի մահից անցել է գրեթե չորս տասնամյակ, ի՞նչ է արվել այդ ընթացքում, ի՞նչ պիտի արվեր, որ չի արվել: «Ով պիտի գա, Որ մտածի, Գինն իմանա Իմ գտածի» ,- տագնապում էր Համո Սահյանը: Ո՞վ է, ի վերջո, մտածելու մշակութային կորսվող արժեքի մասին, ո՞վ է ամբողջ խորությամբ գիտակցելու խնդրի կարևորությունը: Ինչու՞ գրողի պաշտելի ծննդավայրը՝ Խնձորեսկը, լռում է… Անառարկելի է, որ այդ սուրբ հողակտորի մեծագույն հարստությունը, թիվ մեկ հպարտությունը Սուրեն Այվազյանն է… «Ես Խնձորեսկով եմ զգում ու տեսնում ողջ աշխարհը»՝ բանաձևել է մի առիթով: «Ծառս այնտեղ պտուղ չի տալիս»,- ասել է քաղաքի մասին: Իսկ գյուղում՝ «այդ երազանման հեքիաթում», գրողի ծառը պտուղ տվե՞ց արդյոք… 
Մեզ գյուղում ուղեկցում է գրողի եղբոր որդին՝ Վանիկ Այվազյանը: Զրուցում ենք: Հարցերի տեղատարափ է: Ունկնդրում ենք մտահոգ սրտի բողոքը: Վերջին տարիներին ընդհանրապես գրողի գերեզմանին այցելում են միայն գյուղում ապրող հարազատները, որդին՝ Ավետիքը, երբ լինում է Հայաստանում: Ոչ մի պաշտոնական այց: Ծննդյան ու մահվան օրերն անցնում են առանց մշակութային անցուդարձի: Հատուկենտ նվիրյալներ: Միջոցառումներն էլ են պակասել: Գյուղը կենցաղով է ապրում, «գիր ու գրականության ժամանակ չունի»… Գյուղապետարանը Այվազյանի տան վերանորոգման ու թանգարան դարձնելու հարց պաշտոնապես չի բարձրացրել, կարող էր, բայց չի արել: Վանիկ Այվազյանը չգիտի դրա պատճառը: Անտարբերությու՞ն: Բայց մի՞թե կարելի է  անտարբեր լինել սեփական հոգևոր գանձերի հանդեպ: Ավելի ուշ տեղեկացանք, որ գյուղապետարանը պատրաստ է լրջորեն զբաղվելու խնդրով, եթե սեփականատերը կատարի նվիրատվություն, այսինքն՝ տունը հանձնի համայնքին՝ որպես թանգարան: Առավել ևս, որ վերջերս ստեղծվել է գյուղի զարգացման հիմնադրամ, և հեռանկարային ծրագրեր են քննարկվում համայնքում պատմամշակութային հուշարձանների պահպանության, տուրիզմի զարգացման ուղղությամբ:
Ըստ Վանիկ Այվազյանի՝ հարցի լուծման ամենահուսալի օղակը Սյունիքի մարզպետարանն է, որի միջոցով էլ կարելի է այն բարձրացնել Մշակույթի նախարարության՝ թանգարանային գործի կազմակերպման օրախնդիր հարթակ: Իրատեսական ծրագիր է, բայց գործը կարող է ընթացք ստանալ միայն տան նվիրատվության դեպքում: Այդ պարագան է, թերևս, որ հաշվի չի առնում տանտերը. նա պատրաստ է նվիրատվություն կատարելու, բայց, այսպես ասած, գործի վերջում: Մի խոսքով՝ սովորական թվացող «մութ պատմություն»...
Թանգարանի ստեղծումը չափազանց բարդ, դժվարին, տքնաջան աշխատանք պա­հանջող ու պատվաբեր գործ է, քանզի թանգարանային նյութերը պատմական անցյալի խոսուն վկաներ են, հավերժ մնայուն մշակութային արժեքներ, որոնք անհրաժեշտ է սրբորեն փոխանցել ապագա սերունդներին: 
Այվազյանի պարագայում խնդիրն ավելի քան բարդ է, քանզի իր տունը իրենից «դատարկել են»… Ժամանակակիցները հիշում են, որ Այվազյանը սիրում էր լինել պատմական հին բնակատեղերում (հատկապես Արցախում) և հավաքել պատմամշակությաին արժեք ներկայացնող հին իրեր՝ ամանեղեն, կենցաղային հնատիպ գործիքներ, փայտի ու մետաղի փորագրության նմուշներ, քանդակազարդ իրեր, քարե նմուշներ: Այդ նպատակով նա իր նորակառույց տանը հատուկ առանձնացրել էր թանգարան հիշեցնող սենյակ: Այսպիսի մի դեպք է պատմում Այվազյանի լավագույն ընկերը՝ մեր օրերի ու մեր գրական-մշակութային դաշտի ճանաչված արձակագիր Արկադի Ծատուրյանը, որ միացել էր մեր այցին. «Երբ գործերի բերումով Այվազյանը տնից հեռանում էր, շենքի խնամքի պահպանությունը հանձնում էր հարևանությամբ ապրող մի կնոջ՝ Հեղուշ անունով: Մի օր գալիս է տեսնում, որ տիկին Հեղուշը պղնձյա մի նախշազարդ ամանի մեջ ջուր է լցրել, դրել հավաբնի առջև, որ հավերը ջուր խմեն: Սուրեն Բախշիևիչը սաստիկ ջղայնանում է և երկար ժամանակ ուշքի չի գալիս: «Հեղուշ,-ասում է քիչ հետո,-կյանքիս մի երկու տարին էլ դու կրճատեցիր, այ անաստված, այս ի՞նչ ես արել»: 
Այսօր Այվազյանի տան թանգարանային այդ ամբողջ «հարստությունից» գրեթե ոչինչ չկա, չի պահպանվել: Դրանց անհետացման հանգամանքները մութ են… Տան ներքնահարկի սենյակներից մեկում մենք տեսանք միայն «հավիտենական» փոշով ծածկված խաչքարերի մեկ-երկու բեկոր, մի քանի կուժ ու կուլա: Դրանցից ամեն մեկը կենսագրություն ունի, և գրողի հոգուց մի պատառիկ է ամփոփում… 
Տնամերձ բակի ցայտաղբյուրին փորագրված «70-ը» Վանիկ Այվազյանին հիշեցրեց գրողի ծննդյան հոբելյանի առթիվ տեղական պաշտոնյաների այցի և հոբելյանական նվերի մասին… Գրողի 70-ամյակին նվիրված 30-ամյա ցայտաղբյուր-հուշարձանից երբեք ջուր չի ցայտել, ջրի խողովակ էլ չի անցկացվել… 
Ինչ վերաբերում է գրողի ձեռագրերին ու լուսանկարներին, ապա դրանց մեծ մասը որդու՝ Ավետիք Այվազյանի շնորհիվ խնամքով պահվում է ապահով վայրում՝ Հայաստանի ազգային արխիվի ֆոնդում: Լուսանկարներ է պահպանում նաև գրողի եղբոր որդին՝ Վանիկը, որ, ապրելով գյուղում, հնարավորինս խնամում է տունն ու այգին… 
Այգում՝ շիրմաքարից քիչ հեռու, կանգուն է գրողի ձեռքով տեղադրված հնամենի, հրաշակերտ խաչքարը՝ որպես քարացած աղոթք, որպես գրողի «երազանքի» թարգման. «Ձորի կարոտը սրտիս մեջ՝ ես մի տնակ շինեցի նոր գյուղատեղում և ծառեր տնկեցի, և ծաղիկներ ցանեցի: Արդեն շատ է ուշ ընկուզենիների տակ պահմտոցի խաղալու համար... Հիմա ես իմ պարտեզ կհրավիրեմ ապրող խաղընկերներիս: Ձորի իմաստուններին՝ մեռած թե կենդանի, Ձորի քաջերին, մեռած թե կենդանի, և երկար կզրուցեմ նրանց հետ: Առանց կանչելու կգա և նա... որը միշտ մնացել է ինձ հետ, բայց միշտ ինձնից հեռու... Միշտ ինձ հետ իմ պարտեզում կլինի մայրս: Տեսնես աշխարհում ավելի մեծ երջանկություն կա՞, քան այն, որ մայրդ միշտ մոտդ է: Եթե հարյուր տարեկան էլ դառնաս մորդ կողքին, ուրեմն երեխա ես և դու ծերություն չես ապրում: Իմ պարտեզում ինձ այցի կգա հայրս, որին հազիվ եմ հիշում: Ես չգիտեմ, իրո՞ք այնպես էր, ինչպես հիշում եմ, թե երկու-երեք տարեկան լինելով՝ մի ուրիշ տեսակ էի տեսնում նրան: Նա իմ աչքի առաջ է՝ բեղերով, բեղերի պես հոնքերով և լայն ճակատով: Նա երբեք չի շարժվում, չի խոսում, բայց կգա, և մենք՝ հայր ու որդի, կքայլենք ծառուղիներով. հայրը՝ 35 տարեկան, որդին՝ 65: Նա դարձյալ լուռ կմնա: Իսկ ես կպատմեմ, թե ինչ տառապանքներ կրեցի իրենից հետո...
… Բաց կլինի իմ պարտեզի դուռը նաև նրանց համար, որոնք ինձ ոչինչ չունեն ասելու, բայց ամռան տապին զովության կարիք կզգան, գարնանը կցանկանան վայելել ծաղիկների բույրը և պսակներ հյուսել նշանդրեքի համար կամ սիրածի սիրտը շահելու...»: 
Բաց կլինի՞ արդյոք իր տան, իր պարտեզի դուռը ժամանակների ու սերունդների առաջ, Աստծուն է հայտնի…
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Հ.Գ. «Միրհավ» գրական ակումբը 2015 թվականի հունվարի 9-ին՝ Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակի օրը, ծրագրել է այց կատարել Խնձորեսկ, որտեղ գրողի շիրմաքարի մոտ տեղի կունենա ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողություն, և կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը: Կոչ ենք անում ձեզ միանալ մեր ձեռնարկին... 
Լրացուցիչ կտրվեն տեղեկություններ: 







Комментариев нет:

Отправить комментарий