ԲԱԺԻՆՆԵՐ

09.10.2014

ՄԱՐԻՆԵ ԲԱԿՈՒՆՑ / Աշակերտների մտածողության զարգացումը ամփոփման դասի ընթացքում (Համո Սահյանը որպես բանաստեղծ)

Գիտատեխնիկական աննախընթաց վերելքը նոր պահանջներ է ներկայացնում դպրոցականի մտավոր զարգացմանը և հնարավորություն ընձեռում ուսուցման պրոցեսի գիտական կազմակերպման համար: Կրթության բովանդակության իրականացման համար ուսուցչի առաջնահերթ խնդիրն է դասավանդման մեթոդների կատարելագործումը:
Դասաժամի բարձր մակարդակի ապահովումը դառնում է ուսուցչի ամենօրյա հոգսը, ուստի առաջին պլան է մղվում ուսուցչի գիտական-մեթոդական պատրաստականության բարձրացումը, որով էլ պայմանավորվում է աշակերտների արդյունավետ մտածողությունը:
Ուսուցչի ստեղծագործական աշխատանքով և դասի կազմակերպվածությամբ են պայմանավորված աշակերտների ճանաչողական ակտիվությունը, ծրագրային նյութի հաստատուն յուրացումը, շերտավորված և անհատական աշխատանքի ձևերը դասի պրոցեսում և դրանից դուրս:
Կրթության բովանդակության իրականացման հիմնական և անփոխարինելի կազմակերպիչը ուսուցիչն է, և նրա ջանքերով ու ամենօյա ստեղծագործական աշխատանքով է պայմանավորված կրթական գործի արդյունավետությունը:
Նյութը բխում է աշակերտի անմիջական հետաքրքրություններից, հենվում նախկինում նրա ձեռք բերած փորձի, գիտելիքների և կարողությունների վրա, համապատասխանում տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին:
Իմ դասավանդած դասարաններում (VIII, X, XII դաս.) ցանկացած ամփոփման դաս անցնում է յուրովի, ամեն անգամ մի նոր մեթոդի կիրառմամբ:
Ստորև ներկայացվող ամփոփման դասի նպատակն է ընդլայնել աշակերտի իմացության շրջանակը, զարգացնել տրամաբանությունը, ճանաչողական որակները` վերլուծել, դատողություններ անել, ընդհանրացնել, համադրել, եզրահանգումներ անել և ստեղծագործել:
Այսօր պահանջվում են ուսուցման գործընթացում կիրառել բազմազան մանկավարժական տեխնոլոգիաներ, ինչպես նաև դասապրոցեսն ակտիվացնող միջոցներ, օրինակ` տեղեկատվական-հաղորդակցական, համագործակցային և այլ մանկավարժական տեխնոլոգիաներ:
Թեմայի ամփոփման համար ընտրում եմ գրական-երաժշտական համադրությունը որպես ամփոփիչ դաս: Ցանկացած աշխատանք ուսուցման և ուսումնառության գործընթացում արդյունավետ է, եթե դրա կազմակերպումը և իրականացումը վստահում ենք աշակերտներին, և ուսուցչի դերը մնում է կազմակերպելը, ուղղորդելը և որպես գլխավոր խորհրդատու ցուցումներ տալը: Եթե գիտելիքը պատրաստի չի մատուցվում աշակերտին, այլ հնարավորություն է տրվում նրան ինքնուրույն կառուցել այդ գիտելիքը, ապա դրա ազդեցությունն առավել տևական ու արդյունավետ է:
Դասագրքերում նյութն ուսումնասիրվում է այնպես, որ նոր թեման ուսումնասիրելու ժամանակ ուսուցիչը, հենվելով նախորդ նյութի վրա, նոր մեթոդներով և միջոցներով կարողանա իրականացնել գրականության հիմնական նպատակներից մեկը` սովորողի բանավոր և գրավոր խոսքի անընդհատ և կանոնավոր զարգացումը:
Եթե հոբելյանական տարեթիվ ունի գրողը, ապա ամփոփման դասն առանձնահատուկ երանգ է ստանում` վերածվելով հատուկ տոնի: Այդ ժամանակ բացի տեղեկատվության հաղորդումից, որ նախօրոք ամբարել են աշակերտները, համակարգչի և տեսացրիչի (պրոյեկցիոն լապտերի) օգնությամբ ամփոփման դասը վեր է ածվում գրական-երաժշտական համադրության:
Դասագրքում տեղ գտած նյութերը ծանոթ են աշակերտներին: Ես նրանց նախօրոք հանձնարարում եմ լրացուցիչ գրականությունից նոր տեղեկություններ հավաքել, խմբավորել, որն էլ խթանում է առաջին հերթին գիրք կարդալուն: Սա նաև համագործակցային մթնոլորտ է ձևավորում և հնարավորություն է տալիս միասին աշխատել, նյութեր որոնել, դրանք համակարգել և ներկայացնել լսարանին: Սովորողները վարժվում են միասին հետազոտական գործունեություն իրականացնելուն և խմբի աշխատանքի արդյունքի համար պատասխանատվություն կրելուն:
Ամփոփման դասում գրողին ներկայացնելիս աշակերտներն առաջարկում են գրական երկի բացահայտումը զուգորդել երաժշտության, գեղարվեստի, կինոնկարի հետ: Այստեղ զուգորդվում են խոսքը, մեղեդին, գեղարվեստը, այս կամ այն կատարումը, որոնք նպաստում են նյութի յուրացմանը, ամբողջացմանը և ապահովում աշակերտի անձնային հատկանիշների բացահայտումը և դրսևորումը:
ՏՀՏ-ի օգտագործումը որակապես փոխում է ամփոփման դասի (տվյալ դեպքում գրական-երաժշտական համադրություն) ձևը: Փոխվում է նաև ուսուցչի դերը. ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող ու գնահատող գործընկեր: Մեր կիրառած ամփոփման դասերի ժամանակ ստեղծում ենք նաև էլեկտրոնային գրադարան, որից ժամանակ առ ժամանակ օգտվում եմ ոչ միայն ես, այլև գործընկերներս:

Եզրակացություն
Այս աշխատանքը ստեղծագործական է և տարբերակում է հետևյալ երեք աստիճանները.
1.Կրթական աստիճան. աշակերտը մայրենի լեզվից ու գրականությունից բազմակողմանիորեն յուրացրել է գիտելիքներ: Դրանք վերարտադրում է նույնությամբ, երբեմն` մեխանիկորեն (դասագրքի նյութը):
2.Գիտելիքների յուրացման երկրորդ` դաստիարակչական աստիճան. աշակերտը պետք է կարողանա սովորած գիտելիքները կիրառել անծանոթ նյութի վրա, անսովոր իրավիճակներում կամ առօրյա կյանքում:
3.Գիտելիքների, հմտությունների ու կարողությունների յուրացման երրորդ աստիճան. աշակերտը դրանք կարողանում է կիրառել ստեղծագործաբար:
Հայոց լեզվի և գրականության ամեն մի ուսուցչի մեթոդական վարպետության բարձրացման վերջանական նպատակը պետք է լինի իր բոլոր սաներին անխտիր հասցնել գիտելիքների յուրացման վերջին` երրորդ աստիճանին:

Ինտեգրված դաս

Դասարանը` 12-րդ
Աշակերտների թիվը` 20
Առարկան` հայ գրականություն
Դասի տիպը` ամփոփման դաս
Դասի թեման`Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը
Դասի տեսակը `ինտեգրված դաս` հայ գրականություն-ինֆորմատիկա
Դասի կահավորումը`սարքավորումներ, ՏՀՏ` պրոյեկտոր, համակարգիչ, Համո Սահյանի բանաստեղծական ժողովածուներ, պաստառներ…
Սովորողների ուսումնական գործունեության կազմակերպման եղանակները` ֆրոնտալ, անհատական, խմբային, զույգերով:
Ուսուցման տեխնոլոգիաներ` համակարգչային ուսուցման տեխնոլոգիա, ինտեգրված ուսուցման տեխնոլոգիա, համագործակցային ուսուցման տեխնոլոգիա:
Ուսուցման մեթոդներ` ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, բացատրական-ցուցադրական մեթոդ, զրույց, համառոտ դասախոսություն և զեկույց մեթոդներ:
Դասի նպատակները

Հայ գրականություն առարկայից
1.Կրթական
Համո Սահյանի և նրա ստեղծագործությունների մասին հանգամանալից տեղեկությունների հաղորդում և ամփոփում:
2.Դաստիարակչական 
Առօրյա կյանքում, ամենօրյա գործունեության մեջ և այլ առարկաների ուսումնասիրության համար թեմայից ձեռք բերած կարողությունների դերի գնահատում:
3. Զարգացնող
Տրամաբանական մտածողություն, դիտողականություն, ճանաչողության զարգացում:

Ինֆորմատիկա առարկայից 
Կրթական
Առանձին սահիկներ ստեղծելու, ձևավորելու, խմբագրելու, ներկայացումների մեջ միավորելու, որոնողական ցանցերով տեղեկություններ հավաքելու կարողությունների ամրապնդում:
Դաստիարակչական
ա. տեղեկատվություն. այդ թվում` համակարգչային ծրագրերի օգտագործման հեղինակային իրավունքի հիմնական դրույթների իմացության և տեղեկատվություն ստանալիս կամ համակարգչային ծրագրերի կիրառության կարողության ամրապնդում:
բ. Համացանցից օգտվելու էթիկայի կանոների իմացության ամրապնդում:
Զարգացնող
Հաղորդակցվելու և համագործակցային աշխատանքի ժամանակ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն օգտագործելու և սովորողի ստեղծագործական ունակությունների զարգացում:

Դասի ընթացքը
Նախապատրաստական աշխատանքներ
Նախորդ ժամին աշակերտները նախապես բաժանվել են խմբերի և ուսուցչի կողմից ստացել իրենց առաջադրանքները:
1-ին խումբ` <<Համո Սահյանը որպես արդի գրականության ականավոր բանաստեղծ>>:
2-րդ խումբ` << Համո Սահյանի կյանքն ու գործունեությունը>>:
3-րդ խումբ` <<Ժամանակակիցները Համո Սահյանի մասին>>:
4-րդ խումբ` << Համո Սահյանը որպես բնության մեծ երգիչ>>:
Յուրաքնչյուր խումբ պետք է իր ստացած թեմայի վերաբերյալ Microsoft Office Power Point ծրագրով նախապես պատրաստեր ներկայացում: 

Ներածական մաս: Ուսուցիչը «Համառոտ դասախոսություն» մեթոդով դասարանին է ներկայացնում Համո Սահյանին` որպես բնության երգչի, որից հետո աշակերտների օգնությամբ գրատախտակին գծվում է Համո Սահյանի ստեղծագործությունների ծառը: 

Հիմնական մաս: Դասի այս փուլն իրականացնում են աշակերտները` սահկահանդեսի տեսքով ներկայացնելով իրենց խմբային աշխատանքները: Այս աշխատանքում ակնհայտ են դառնում աշակերտների ունեցած գիտելիքներն ու կարողությունները: Դասի այս փուլն իրականացնում են առաջին խմբի աշակերտները՝ ներկայացնելով բանաստեղծ Համո Սահյանին, ում մասին Դավիթ Գասպարյանը գրում է. << Օրերն առաջ են գնում, և օրերի հետ առաջ է գնում Համո Սահյանի փառքը: Խոսքը դառնում է բառ, բառը դառնում է գիր և գիրը մեծարում է նրան>>[1]:
Զեկույցն ուղեկցվում է սահկահանդեսի տեսքով, որտեղ երևում է Համո Սահյանն իր կենդանի տեսքով, ձայնով, լսվում են երգեր նրա խոսքերով :
Երկրորդ խմբի աշակերտները ներկայացնում են Հ. Սահյանի կյանքն ու գործունեությունը: <<Համո Սահյանը,- նկատում է Ազատ Եղիազարյանը,- համեմատաբար ուշ է գրական հրապարակ մտել: Պատերազմից հետո տպագրել է մի շարք գրքեր: Դրանցով նա դարձավ ամենասիրված հայ բանաստեղծներից մեկը և այդպիսին մնում է մինչև այսօր>>[2]: 
Սահկահանդեսի միջոցով ներկայացվում են հեռավոր Լոր գյուղի և Սիսիանի բնապատկերները: Աշակերտներն արտասանում են բանաստեղծի հարազատ գյուղը ներկայացնող բանաստեղծություններ:
Երրորդ խմբի աշակերտները ներկայացնում են ժամանակակիցների գնահատականները Սահյանի պոեզիային: Սահյանի բանաստեղծությունները հնչում են ասմունքի վարպետների, ինչպես նաև աշակերտների կատարմամբ:
Չորրորդ խումբը ներկայացնում է Սահյանին` որպես բնության մեծ երգչի: Բնաշխարհը դառնում է ազգային կյանքի ոգեղենացված գոյություն. <<Աստված էր ասում մայր բնությանը, ինչ էլ նրա համար դառնում է մարդու էությունը բացահայտելու հիմնական չափ ու չափանիշ>>[3]:

Ընդհանրացնող մաս: Ուսուցիչը ներկայացնում է Սահյանի վերջին հարցազրույցը, որտեղ կարդում ենք. <<Հավատա´լ մեր սպասած լավագույն օրերին, հավատալ մարդուն, աշխարհին, սեփական ուժին և արժանապատվությանը: Կանք ու կլինենք: Բարձրանանք ինքներս մեզանից>>[4]: 
Աշակերտներն ուսուցչի օգնությամբ ընդհանրացնում և համակարգում են կատարված առաջադրանքների արդյունքները:

ՄԱՐԻՆԵ ԲԱԿՈՒՆՑ
Վերիշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Գասպարյան Դ., Համո Սահյան, Երևան, <<Զանգակ-97 >>, 2003, էջ 367 :
2. Սահյան Հ., Պոեզիան կօգնի մարդուն, <<Գրական թերթ>>, 1972, ապրիլ, թիվ 18, 28:
3. Եղիազարյան Ա., Հայ Գրականություն 12, Երևան, <<Մանմար>>, 2011, էջ184 :
4. Սահյան Հ., Ապրում եմ մանկությանս պաշարներով, <<Տաթևի համալսարան>>, 1993, հուլիսի 5, թ. 3:


[1]Դ.Գասպարյան, Համո Սահյան, Երևան, <<Զանգակ-97>>, 2003, էջ 4:
[2] Ա.Եղիազարյան, Հայ գրականություն – 12, Երևան, <<Մանմար>>, 2011, էջ 72:
[3] Դ.Գասպարյան, Համո Սահյան, Երևան, <<Զանգակ-97>>, 2003, էջ 11:
[4] Հ.Սահյան, Ապրում եմ մանկությանս պաշարներով, <<Տաթևի համալսարան>>, 1993, հուլիսի 5, թ. 3:

Комментариев нет:

Отправить комментарий