Ամեն տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումը անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվելու թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ:
Մշակութային գեղեցիկ տոնից անմասն չմնաց նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որ օրվա կապակցությամբ այցելուներին առաջարկեց միջոցառումների հետաքրքիր ծրագիր՝ «Օրը լցնենք ասքով, երգով» խորագրով: Ծրագրի շրջանակում գրական-երաժշտական ցերեկույթով հանդես եկավ նաև տուն-թանգարանի ՄԻՐՀԱՎ գրական խմբակը՝ հիացնելով ներկաներին օրվա խորհուրդն ու նշանակությունը լուսաբանող ելույթներով, թանգարանի հիմնավորման հիշարժան անցքերի, հանգամանքների վկայաբերումներով, թանգարանային հուշամատյանի ընթերցումներով, երգով ու ասմունքով:
«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում տպավորիչ ելույթներ էին պատրաստել նաև Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները: Նպատակը մեկն էր՝ օրը պարուրել արվեստային, մշակութային լիցքերով, այցելուներին պարգևել գեղեցիկ ու մնայուն հուզապրումներ:
Մինչև կեսգիշեր այցելուների հոսքը տուն-թանգարան չէր դադարում: Տոնի կարգախոսը՝ «Թանգարանները միավորում են մեզ», իսկապես, յուրօրինակ խորհուրդ էր հաղորդել օրվան և ստեղծել ձգողական դաշտ՝ միատեղելով բոլոր արվեստասեր, գեղապաշտ ու արարող հոգիներին: Իմաստուն, լի ու շքեղ երեկոն՝ համեմված միրհավականների քնարական ու երգային հիասքանչ կատարումներով, ամբողջացրեց տոնը և մնայուն տպավորություններ թողեց ներկաների հուզաշխարհում՝ է՛լ ավելի ամրապնդելով այն գեղեցիկ հավատը, որ այդ խորհրդավոր հարկի ներքո Բակունցը ներկա չէ միայն ֆիզիկապես, նրա լուսավոր հոգին հավետ իր տանն է, իր ժողովրդի հետ՝ որպես նրա ընթացքի հավերժագնա ուղեկից:
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий