ԲԱԺԻՆՆԵՐ

13.03.2014

ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ /«Ես անսացի միայն իմ հանճարի ձայնին...»

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային արժեհամակարգը, որի գիտակցումը բերում է ազգի հարատևության: Մեր ժողովուրդի ազգային արժեքների շարքում աներկրորդելի բացառիկությամբ առանձնանում է Եղիշե Չարենցը: Նա իր մեջ ամփոփում է կյանքի հավերժության ու «լույսի ճանապարհի» ամբողջ գաղտնիքը: Ի՜նչ կատարյալ է անքննելին: Մի պահ, մի ակնթարթ, ու հանճարը՝ որպես գոյարդեն ճշմարտություն է: Ս.Ցվայգը սահմանում է. «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային ժամերից մեկը  1897 թվականի մարտի 13-ն էր:
Ծնվեց մարդ-կրակը, մարդ-փոթորիկը, մարդ-անհաշտը, մարդ-արդարությունը, մարդ-տիեզերքը: Ծնվեց մեզ հոգեպես ապրեցնելու ու վերապրեցնելու համար, իսկ ի՞նքը… Ինքը պիտի բախվեր գավառական քաղաքի բարքերին, պիտի զբաղվեր անդուլ ինքնակրթությամբ, զգար մարդկային ամենասովորական զգացմունքների քաղցրությունը, մտածեր կյանքի դրվածքի մասին, կշռեր չարն ու բարին, ճիշտն ու սխալը, անցներ հավատաքննության իր դժնի ճանապարհը... Մի փոքրիկ գրքույկ պիտի ազդարարեր Չարենցի բանաստեղծական  ուղու սկիզբըԵրգում էր կյանքի գեղեցկության, կյանքում գոյություն ունեցող աղտ-աղարտի մասին, երգում էր կյանքի ձայնով՝ անեղծ ու հորդաբուխ… «Ե՜ս եմ հիմամի պոետ. և իմ անունըՉարենցՊիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ: Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող ապագան»: Չարենցը այն եզակի բանաստեղծներից է, ում ստեղծագործական ուղին բազմաճյուղ է ու բազմաբովանդակ: Իր ստեղծագծություններում նա վերհանում է կյանքի, աշխարհի, մարդու գոյաբանական կերտվածքի էատարրերը և փորձում ստեղծել իր երազած, իր պատկերացրած աշխարհի ու մարդու կատարելատիպը: Բայց այդ աշխարհը նա չի ստեղծում լոկ վերացական պատկերացումներով: Տեսնելով հայրենիքի պատմության դժոխային էջերը և նույնպիսի անմխիթար ներկան՝ Չարենցը հնչեցնում է ահազանգը. «Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝ Մերկության պես տկլոր ու անանցյալ»:  Ճիգ է գործադրում գրչով օգտակար լինել ժողովրդին, երբեմն՝ ինքնադատափետմամբ՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»: Մեծ հայրենասեր լինելուց զատ նա նաև Սայաթ-Նովայի նման մի հոյակապ սիրահար է: Դրա վկայությունն են  մեծարժեք ժողովածուները՝ «Տաղարան», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ութնյակներ արևին», որոնցում ուժգնորեն հնչում է նաև սիրահար սրտի ձայնը: Չարենցի սիրած կինը տարբեր ժողովածուներում ներկայանում է քնարական տարբեր բնութագրերով: «Տաղարան»-ում՝ Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս, Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քացր երազ«Էմալե պրոֆիլը Ձեր»-ում՝ Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն, Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի, Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։ «Ութնյակներ արևին»-ում՝ Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.— Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին, Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան Եվ այսպես շարունակ…. Կենդանության օրոք քչերն էին գիտակցում Չարենցի՝ բացառիկ երևույթ լինելը: «Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝ Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին»: Հալածանքներ, հետապնդումներ: Կարծես ապրելու իրավունքը, որ տրված է յուրաքանչյուրին, ու Չարենցը անհամատեղելի էին: Եվ ահա բախումներ, ձերբակալություններ, հարցաքննություննր ու կտտանքներ... Բայց դժնի պայմաններում անգամ Չարենցը շարունակում է ստեղծագործել նոր ուժականությամբ,  նոր թափով, կարծես մի ներքին ազդակ առաջ է մղում՝ ստեղծելու նոր ու ավելի արժեքավոր երկեր: Եվ ահա նա՝ Տերյանի գրական ակունքից եկող բանաստեղծը, նոր հղացքներով, արվեստի նոր չափանիշներով հայ գրականության մեջ բացում է իր յուրատիպ ու անկրկնելի գրաշխարհը: Ստեղծագործական հանճարի լավագույն ապացույցը վերջին ժողովածուն էր՝ «Գիրք ճանապարհին»: Սա արդեն չափից դուրս էր. գազոնային քաղաքականությամբ առաջնորդվող խորհրդային վարչակարգը չէր կարող հանդուրժել Չարենցի գրչի անօրինակ թռիչքը…  Չմոռանանք, այնպիսի ժամանակներ էին, որ դրվում էին նոր կյանքի հիմքերը: Իսկ ղեկը ապազգային գործիչների ձեռքին էր: Ոչնչացվում էր ազգայինը՝ հանուն միջազգայինի: Ժողովրդի գիտակցությունը գլխիվայր շուռ էր տրվում: Չարենցը հերոս էր, որ կռվեց այդ ամենի դեմ: Չարենցը սխրանքի՛ հերոս էր, որ հայտնվեց պատմության մեծ շրջադարձի վրա և ճշմարիտ ճանապարհ նախանշեց…. Փա՛ռք ու պատի՛վ քո անվանն ու գործին, Չարե՛նց...  

Շնորհապարտ եմ, Տե՛ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, -
Այլև ասպետ, և պետ, և զինակիր,
Եվ սերմնացան դժնի ժամանակի: 
                                          Ե.Չարենց


ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՄԻՐՀԱՎ գրական խմբակի անդամ
Գորիսի պետհամալսարանի հայոց լեզվի և գրականության 
բաժնի առաջին կուրսի ուսանողուհի 

Комментариев нет:

Отправить комментарий