ԲԱԺԻՆՆԵՐ

28.02.2014

ԳՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ / Չարենցի նամակը Թումանյանին



«Ամենասիրելի Հովհ. Թումանյան
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործությանորպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:
Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Սիրանուշ Սարգիսջանյան

Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի

Գիրք... մի խորիմաստ բառ, որ իրենից ներկայացնում է գիտելիքի շտեմարան և մտքի զարգացման մի հարատև աղբյուր: Գիրքը այն միակ ու անփոխարինելի գանձն է, որի շնորհիվ կրթվել ու դաստիարակվել են շատ ու շատ սերունդներ, և մինչ այժմ էլ գիրքը իր պատվավոր տեղն ունի բոլորի կյանքում: Գրքի շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը ունի հանճարեղ ու իմաստուն գրողներ, պատմիչներ, հեքիաթագիրներ, արվեստագետներ: 
Ինչպես ասում է ֆրանսիացի վիպասան Ալֆոնսո Դոդեն՝ <<Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվարին պահերին: Նրանք երբեք չեն դավաճանի>>: Իսկապես, կյանքի ամեն դժվարություն հաղթահարվում է գրքի շնորհիվ:

27.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լիլիթ Տատինցյան

Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի 

Գրքե՜ր: Որքա՜ն բան են ինձ տվել գրքերը: Ամեն ինչ, բացի չարությունից ու նախանձությունից: Ամեն տարի իմ սեղանի գրքերը փոխվում են և՛ իմաստով, և՛ ձևով: Փոքր տարիքում իմ սեղանին տեղ էին գտել հեքիաթներ, այնուհետև հանելուկներ, բանաստեղծություններ, իսկ այժմ իմ գրքերը խոր իմաստ են պարունակում: Սիրում եմ գրքեր կարդալ: Այժմ իմ ուշադրությունն է գրավել Դեյլ Քարնեգիի <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա>> գիրքը: Ես այն համարում եմ իմ սեղանի գիրքը: Դեռ մի քանի գլուխ եմ կարդացել, բայց շատ բան եմ սովորել: Ճիշտն ասած այն ինձ Ձմեռ պապն է նվիրել:

26.02.2014

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԳԻՐՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՂՆԵՐԻՆ

Խոստացել էինք լուսաբանել Գրքի տոնին նվիրված <<ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> ակցիայի շրջանակում Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանին գիրք նվիրաբերած անձանց անունները: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը և գրադարանային բաժնի  աշխատակազմը ևս մեկ անգամ խորին շնորհակալություն են հայտնում այն անձանց, ովքեր չեն զլացել գիրք նվիրել հայրենի քաղաքի գրադարանին: 
Ստորև ներկայացնում ենք նրանց անունները և նվիրաբերված գրքերի քանակը:

25.02.2014

ԳՐՔԻ ՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանի գրողների միությունը արդեն յոթ տարի է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվորի 19-ը, հռչակել է գիրք նվիրելու օր: Տարեցտարի աճում է Գրքի տոնի հանրային հնչեղությունը: Գրատները, գրադարանները, գրական ակումբներն ու մշակութային այլևայլ կառույցներ ակտիվորեն օգտագործում են առիթը, որպեսզի ձգողական դաշտ ստեղծեն՝ ևս մեկ անգամ հանրայնացնելու գրքրեը, դրանց ընթերցանությունը, նպաստելու գրքի հանդեպ դրական վերաբերմունքի աճին:
Ա.Բակունցի տուն-թանգարանին կից գործող ՄԻՐՀԱՎ գրական խմբակը փորձեց նոր շունչ, նոր լիցք հաղորդել գիրք նվիրելու խորհրդանշական օրվան՝ հանդես գալով ուշագրավ նախաձեռնություններով: Գորիսի հիմնական և ավագ դպրոցների աշակերտության շրջանում նախապես հայտարարվեց էսսեների մրցույթ՝ <<ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ>> խորագրով: Այնուհետև Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանի հետ ծրագրվեց <<ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> կոչով բարեշահ ակցիա. գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով փետրվարի 17-21-ը հայտարարվեց գրքի նվիրատվության հնգօրյակ:

Վերոնշյալ ձեռնարկների արդյունքները ամփոփվեցին և լուսաբանվեցին փետրվարի 21-ին՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսության ժամանակ,  որին ներկա էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Արմինե Հովակիմյանը, ՀԳՄ Սյունիքի գրողների միության նախագահ Արկադի Ծատուրյանը, գրողներ, մտավորականներ, ուսուցիչներ, Գորիսի մշակութային կառույցների ղեկավարներ, աշակերտներ, ուսանողներ:

24.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ

Ձեզ ենք ներկայացնում Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթում <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգի մրցանակակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի ՇՈՒՇԱՆՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ աշխատանքը

Մանկուց ի վեր լսելիքս շոյել են մայրիկիս պատմած հեքիաթները չարի և բարու, լավի, վսեմի, բազում հրաշապատում երևույթների մասին: Մինչև այսօր էլ ականջներումս է. <<Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՛ս, բակն ու դուռը լի...>> ոտանավորի անկեղծ զարմանքը: Մինչև այսօր էլ աչքիս առաջ այն խորամանկ աղվեսն է՝ կացինը ձեռքին՝ խեղճ կկվի ձագերի հետ հաշվեհարդար տեսնելիս: Իսկ <<Ժամանակով կատուն ճոն էր>> նախադասությունը, որ այնպես ոգևորությամբ արտասանում էի մեր տուն եկած հյուրերի համար և շարժում նրանց զարմանքն ու ծնողներիս՝ բավականությունից շողացող դեմքերի հպարտ, գոհունակ ժպիտները, շատ ավելի ուշ հասկանալի եղավ ինձ: Իսկ երբ մի քիչ էլ մեծացա և դպրոց գնացի, անչափ հուզվեցի Նեսոյի համար, որ այնքան ուզում էր սովորել, բայց ուսման համար փող չուներ:

ՆՈՐ ԳՐՔԵՐ

ԱՊԵՏՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Անթեղած կրակներ, Բանաստեղծություններ, Ե., Զանգակ-97, 2013, 240 էջ 

Ապետնակ Գրիգորյանը ծնվել է 1935թ. փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1955-1956 ուստարում ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը: 1957-1960 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1962թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Տաթևհէկի շինարարությունում նախ՝ որպես ձևավորող նկարիչ, ապա՝ շինմոնտաժային տեղամասում՝ որպես մոնտաժող փականագործ: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության հեռակա բաժինը: 1966թ. գործուղվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղ՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1969 թվականը: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-2005թթ. աշխատել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Ստեղծագործել է դպրոցական տարիներից: <<Անթեղած կրակներ>>-ը բանաստեղծի առաջին ժողովածուն է: 

ՈԳՈՐՈՒՄ

Հանգիստ չեն տալիս խոհերս կրկին,
Ու դարդն եմ անում ես այս աշխարհի,
Առել եմ երկրի ցավերը գրկիս,
Հանել ոսկեհատ հույզերիս բարին...
Ու սերմանում եմ ինչպես մարգարե,
Հարության հունդը՝ ճառագը հոգուս,
Ինչպես լուսատուն հար ու արդարև՝
Շարմաղ շողերով արեգնահամբույր:
Տալիս եմ երկնին, երկրին, աշխարհին,
Մարդկանց բարեգութ ու սրտախորով,
Ծփուն դաշտերիս ծիլին ու ծաղկին՝
Սերս անհատնում ու սրտագորով:

23.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ

ՆԱՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի     7-րդ դասարանի աշակերտուհի

Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...
Ե.Չարենց
Իրոք, այս անեզր տիեզերքում յուրաքանչյուր գիրք իր ուրույն տեղն ունի: Յուրաքանչյուրն ունի իր խոսքն ու ասելիքը, իր իմաստն ու նշանակությունը, ընթերցողին գրավելու բանալին: Այսօր քչերն են գնահատում այդպիսի պարգևը, բայց մի՞թե հնարավոր է առանց այդ ինքնահաստատման աղբյուրի: Գիրքն իմ անդավաճան ընկերն է, որի մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր:

22.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լավագույն էսսե

Ստորև ներկայացնում ենք Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի գլխավոր մրցանակակիր, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ
 ԳՈՌ ԱՐԶԱՆՅԱՆԻ աշխատանքը

       Գիրքը մի հրաշալիք է, որը տանում է ընթերցողին երևակայության գիրկը: Գիրքը թևեր է տալիս, որոնք  օգնում են բարձրանալ վեր՝ դեպի անվերջ գիտություն: Կան տարբեր գրքեր, տարբեր են նաև ընթերցողները: Նրանցից եմ  և  ես՝ իմ նախընտրած գրքերով, որոնք ավելի շատ հայրենիքի մասին են: Հաճախ եմ լսում ՝ <<Ախր ի՞նչ տարիքդ է այդ տեսակի գրքերի համար, դեռ հեքիաթ կարդա>>:  Բայց, իմ կարծիքով, գիրք կարդալու համար տարիք չկա: Մարդ պետք է ուղղակի գիտակցի և պատրաստ լինի հասկանալ,  թե ինչ է կարդում: Իմ կարծիքով, մարդուն չի կարելի ստիպել կարդալ որևէ գիրք, կամ սահմանափակել ընտրությունը:  Քանի որ մարդ գրքի ընտրության համար պետք է ինքն իր մեջ հասկանա՝ պատրա՞ստ է արդյոք կարդալու:  Քանի որ առանց հոգեպես պատրաստ լինելու  կարդալը նույնն է, ինչ  գույների հոգին չհասկացող մարդուն տանել գույների ներդաշնակության աշխարհ:
Գրքի ընտրության հարցում ինձ օգնում է իմ ընթերցասեր պապը, քանի որ այդ առումով մենք գրեթե  նույն կարծիքն ունենք: 

21.02.2014

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Այսօր Գրքի տոնին նվիրված հանդիսության ժամանակ հայտնի դարձան նախապես հայտարարված <<Իմ սեղանի գիրքը>> խորագրով էսսեների մրցույթի մրցանակակիրները: 15 մասնակիցներից առաջին կարգին արժանացավ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ ԳՈՌ ԱՐԶԱՆՅԱՆԸ, երկրորդ կարգը զբաղեցրեց Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի ՆԱՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ: <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգում հաղթող ճանաչվեց թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի ՇՈՒՇԱՆՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը շնորհավորում է պատանի գրքասերներին և մաղթում նորանոր հաղթանակներ:  

Հանդիսույթի մանրամասները՝ հաջորդիվ...

19.02.2014

ԱՅՍՕՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145-ԱՄՅԱԿՆ Է ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին...

Այսօր լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Հայաստանի գրողների միությունը արդեն 6 տարի է, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակել է Գիրք նվիրելու օր: Ամենախորախորհուրդ տոներից մեկը, որ զարդարում է մեր օրացույցը և ստիպում վերաարժևորել գրքի նշանակությունը, խոնարհվել գրքի առաջ...  Պետք է անպայման օգտվել բարեպատեհ առիթից և իրար գիրք նվիրել: Գիրք գնելով, նվիրելով ու կարդալով է, որ մենք մի քայլ առաջ ենք գնում…

18.02.2014

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ

Հարգելի՛ հայրենակիցներ.
Փետրվարի 21-ին, ժամը 14.30-ին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանում տեղի կունենա ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԻՆ նվիրված <<ԳԻՐՔԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ>> խորագրով ցերեկույթ՝ ի հիշատակ մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակի: 
Միջոցառման ընթացքում հայտնի կդառնան նախապես հայտարարված <<ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ>> խորագրով էսսեների մրցույթի հաղթողները, կամփոփվեն ու կլուսաբանվեն <<ՆՎԻՐԻ՛Ր ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> ակցիայի արդյունքները:
Սիրով սպասում ենք: 
Մուտքը՝ գրքով... 

17.02.2014

ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Լրացավ ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ խորագրով էսսեների մրցույթի վերջնաժամկետը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հատկապես դպրոցականներին՝ նախաձեռնությանը ակտիվորեն արձագանքելու համար: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը կատարում է մրցանակային I և II կարգերի ընտրություն: Կառանձնացվի նաև մեկ <<Հատուկ մրցանակ>>՝ ամենաինտելեկտուալ էսսեի համար:  
Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 21-ին՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ նվիրված միջոցառման ժամանակ: 
Մասնակիցներին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ: 


14.02.2014

ՆՎԻՐԻ'Ր ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ


Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը փետրվարի 17-21-ը հայտարարում է գրքի նվիրատվության հնգօրյակ: 
Առաջարկում ենք գրքասերներին միանալ այս բարեշահ նախաձեռնությանը և Գորիսի քաղաքային գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով կազմակերպել գրքի նվիրատվություն:

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Հակոբ Պարոնյան-Վահան Թոթովենց. ստեղծագործական ընդհանրություններ

1918 թվականին Վահան Թոթովենցը գրում է <<Դոկտոր Բուրբոնյան>> երգիծավեպը, որը սկզբում ուներ <<Հերոսի մը վերադարձը>> վերնագիրը: 1921 թվականին վեպը լույս է տեսնում Կ.Պոլսում՝ <<Հայաստանի Տոն-Քիշոտը>> խորագրով: Մի քանի անգամ վերամշակվելուց հետո երկի կանոնիկ տարբերակը տպագրվում է 1923 թվականին Հայաստանում՝ այս անգամ արդեն <<Դոկտոր Բուրբոնյան>> խորագրով: Վեպի հերոս դոկտոր Բուրբոնյանի նախատիպը բժիշկ Խաչատուր Բոնապարտյանն է, որ Անդրանիկի զորագնդի հարյուրապետերից էր: Հախուռն, խրոխտ ու բռնկուն նկարագրով դաշնակցական գործչի հետ Թոթովենցը անձնապես ծանոթացել էր 1917-1918 թվականներին` Թիֆլիսում <<Հայաստան>> թերթի խմբագիր եղած ժամանակ:
<<Ծիծաղը լացի քաջությունն է>>,-բանաձևել է Վ. Փափազյանը: Այդպիսի մի քաջություն է Թոթովենցի հիշյալ ստեղծագործությունը՝ ուղղված հայ պոռոտախոս ազգայնականների դեմ: <<Այս վեպը գրած եմ, որ մարդիկ կարդան ու դառնապես արտասվեն>>,- գրում է Թոթովենցը իրականության խորին զգացումով:

10.02.2014

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ / Գրելու արվեստի մասին


Ամերիկացի հայտնի գրող Է.Հեմինգուեյը գրելու արվեստի մասին արժեքավոր խորհուրդներ է թողել երիտասարդ սկսնակ գրողներին
1935 թվականի հոկտեմբերին «Esquire»  (Էսքուայըր) ամսագրում տպագրվել է Հեմինգուեյի հետ մի հետաքրքիր հարցազրույց, որում նա ներկայացված է «Ձեր թղթակից» անվանումով: 

Մայս.- Ի՞նչ ի նկատի ունեք լավ կամ վատ գրական ստեղծագործություն ասելով:
Ձեր թղթակից (Հեմինգուեյ).- Լավ գրական  երկը ճշմարիտ ստեղծագործությունն է: Պատմվածքի ճշմարիտ լինելը կախված է նրանից, թե որքան լավ է հեղինակը ճանաչում կյանքը և որքան ջանք է գործադրում, որպեսզի նույնիսկ հնարելու դեպքում այն լինի իրական:Եթե նա չգիտի՝ ինչպես կվարվեն և ինչ կմտածեն մարդիկ նման հանգամանքներում, ապա որոշ ժամանակ կզրկվի գրելու հնարավորությունից կամ կկենտրոնանա հնարելու վրա: Բայց, եթե շարունակի գրել մի բան, որի մասին չգիտի, ապա միմիայն հորինվածք կստացվի: Մի քանի անգամ այդպես կեղծելով` այլևս չի կարողանա ազնվորեն գրել:

04.02.2014

ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Առաջին հայերեն գիրքը տպագրվել է Հայաստանից դուրս:
Այն տպագրելու համար  Հակոբ Մեղապարտը նախընտրել է Վենետիկը:
1512-1513 թվականներին Վենետիկում տպագրվել է հինգ գիրք` «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» և «Տաղարան»:
Հակոբ Մեղապարտի տպագրած յուրաքանչյուր գիրք ունեցել է մի քանի հարյուր օրինակ: Այդ գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները:

03.02.2014

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ,,ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ,, ԽՈՐԱԳՐՈՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 

<<Միրհավ>> գրական խմբակը փետրվարի 19-ին նշվելիք Գրքի տոնի և Հ.Թումանյանի ծննդյան 145-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է <<Իմ սեղանի գիրքը>> խորագրով էսսեների մրցույթ:

02.02.2014

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Նժույգս մնաց



Նժույգս մնաց: Բանաստեղծություններ:-Ե.,
<<Զանգակ-97>> հրատ., 2001թ.:


Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ

Քուռկիկ Ջալալի՛, հեծյալդ, ասա՛,
Ո՞վ է լինելու...
Ո՞վ է գալիքի մշուշից մի օր
Հայտնությամբ անլուր,
Աղապատանքիդ հնազանդ, հլու՝
Քո ագռավքարյան բանտը քանդելու...
Ո՞վ է շոյելու բաշդ հրեղեն
Եվ կարոտներիդ դարավոր փոշին
Ակամբ մաքրելու քո հուր աչքերից:
Քուռկիկ Ջալալի՛,
Ասպանդակողդ եթե հավատա
Այս սուտ ու անգութ ավուր ու դարին՝
Հար ուժասպառ է հողը մնալու,
Եվ չի լինելու <<ցորեն քանց մասուր...>>: