ԲԱԺԻՆՆԵՐ

18.12.2013

Նշվեց Սերո Խանզադյանի ծննդյան 98-ամյակը


Դեկտեմբերի 3-ին լրացավ հայ մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 98-րդ տարելիցը: Հիշատակարժան օրվա առթիվ գրողի հայրենի առանձնատանը տեղի ունեցավ գրական հանդիսություն, որը կազմակերպել էր Ակսել Բակունցի տուն-թանգարանին կից գործող ՄԻՐՀԱՎ գրական խմբակը:
Խանզադյանի հայրենի տունն իր հյուրընկալ հարկի տակ էր մեկտեղել բազմաթիվ մտավորականների, գրողների, մշակութանվեր ու գրականասեր մարդկանց:
Ողջունելով հյուրերին՝ ՄԻՐՀԱՎ գրական խմբակի ղեկավար Թ.Մարությանը նշեց. <<Խորհրդանշական է, որ գրական այս հանդիպումն ու ցերեկույթը տեղի է ունենում հենց Խանզադյանի հայրենի հարկի տակ, որտեղ իսկապես թևածում է գրողի շունչը և հորդորում պահպանել-շենացնել այդ սրբատեղին, դարձնել նրա անվանն ու գործին արժանի մշակութային օջախ>>: Նա շեշտեց Խանզադյանի ստեղծագործության բարձր արժեքայնությունը, ստեղծագործություն, որ <<մի ամուր օղակ դարձավ ազգային ոգեկերտման ճանապարհին>>:
Շնորհավորելով Ս.Խանզադյանի օրհնված ծնունդը` գրողի տուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցը ցանկություն հայտնեց, որ Խանզադյանին նվիրված միջոցառումները ավելի հաճախադեպ լինեն, և <<առանձնատան սրահները լցվեն գրողի իմաստուն զրույցներով, նրա մասին պատմող կենդանի հիշողությունններով>>: 
Միջոցառումը հագեցած էր խանզադյանական տպավորիչ ընթերցումներով, ասմունքով, ինքնապատումային սրտառուչ էջերի, հուշազրույցների, ստեղծագործական յուրահատկությունների վկայակոչումներով, ինչպես նաև գուսանական երգերի փայլուն կատարումներով: Հանդիսույթը հիշատակի ուրույն խնկարկում էր և գրական հարուստ ներշնչանքներ պարգևեց ներկաներին՝ ամբողջացնելով Խանզադյանի ստեղծագործական ու մարդկային նկարագիրը:

Միջոցառման ավարտին իրենց տպավորությունները կիսեցին բանաստեղծներ Լևոն Սահակյանը, Ապետնակ Գրիգորյանը՝ արժևորելով Ս.Խանզադյանի ստեղծագործության պատմական նշանակությունը, այն առանցքային դերը, որ նա ունեցավ հայ գեղարվեստական արձակի, մասնավորապես պատմավիպագրության զարգացման գործում: Իր խոսքում նկարիչ Ժիրայր Մարտիրոսայանը առանձնակի կարևորեց <<Միրհավ>>-ի ձեռնարկը՝ գրական հանդիպում կազմակերպել հենց գրողի հայրենական օջախում. կիսավեր ու <<տխուր>> մի օջախ, որ վաղուց կարոտ էր ոգեղեն լիցքերի:

Ողջունելով <<Միրհավ>> խմբակի մշակութանվեր գործունեությունը՝ Գորիսի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արմինե Հովակիմյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ ՀՀ սոցներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրով 2014 թվականից Սերո Խանզադյանի տուն-թանգարանում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ: Նա հույս հայտնեց, որ գրողի 100-ամյակին ընդառաջ ՀՀ Մշակույթի նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ թանգարանին շնորհելու կենսագոյության նոր ու արժանավայել կարգավիճակ:
Ներկաները հույս հայտնեցին, որ միջոցառումը գեղեցիկ ավանդույթ կձևավորի գրական դաշտում և խթան կհանդիսանա՝ Խանզադյանի տուն-թանգարանը դարձնելու գրական սպասված հանդիպումների ու մշակութային տարատեսակ միջոցառումների կենտրոնատեղի:

Комментариев нет:

Отправить комментарий